Արմինֆո.Շուտով Հայաստանի նոր կառավարությունը, որը գրեթե ամբողջությամբ ձեւավորված է, միայն ԱԳ նախարար չի նշանակվել, պետք է հաստատի գործունեության ծրագիրը եւ նախատեսված միջոցառումների ժամանակացույցը: Այդ մասին օգոստոսի 6-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր վարչապետ նշանակումից եւ նոր կառավարության ձեւավորումից հետո առաջին նիստում։
Փաշինյանը նշել է, որ նոր կառավարության ծրագիրը հիմնված է լինելու իր ղեկավարած "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախընտրական ծրագրի, "Հայաստանի վերափոխումը մինչև 2050թ." ռազմավարական ծրագրի դրույթների, ինչպես նաև քարոզարշավի ընթացքում ժողովրդին տրված խոստումների վրա: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ գործադիր մարմինը մինչեւ օգոստոսի 23-ը պետք է խորհրդարանի դատին ներկայացնի կառավարության ծրագիրը։
Ավելի վաղ ԱրմԻնֆոն հաղորդել էր, որ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը, համաձայն իր նախընտրական ծրագրի, մտադիր է ապահովել տարեկան 7% միջին տնտեսական աճ: Իր նախընտրական ծրագրում կուսակցությունն արձանագրել է նպատակ՝ ապահովել հավասար տնտեսական պայմաններ բոլորի համար, ինչը պետք է հանգեցնի գործազրկության և աղքատության կրճատման, միջին խավի ձևավորման։ Նախանշված միջոցառումների արդյունքում 17-18 տոկոս գործազրկության ներկայիս մակարդակը պետք է կազմի 10 տոկոսից ցածր, կրկնակի կրճատվի աղքատության մակարդակը, իսկ կենսաթոշակները բարձրացվեն մինչեւ նվազագույն սպառողական զամբյուղի կարիքների բավարարումը: Այս ամենին ՔՊ-ը նախատեսում է հասնել՝ խթանելով արտադրողականության աճը եւ ներդրումային հոսքը:
Նշենք, որ, ՀՀ սահմանադրության համաձայն, վարչապետը կառավարության կազմավորումից հետո քսանօրյա ժամկետում Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը յոթնօրյա ժամկետում հավանություն է տալիս կառավարության ծրագրին ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին եւ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետ, սակայն կրկին հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Սույն հոդվածի 3-րդ մասը չի տարածվում Սահմանադրության 115-րդ հոդվածին համապատասխան ձեւավորված կառավարության ծրագրի վրա: Եթե այդ Կառավարության ծրագրին հավանություն չի տրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով ։