Արմինֆո. Սահմանին սպանություններով եւ գնդակոծություններով լարվածություն հրահրելով՝ Բաքուն զուգահեռաբար մի քանի նպատակ է հետապնդում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար,արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը:
"Խոսքը Հայաստանի հավելյալ տարածքներ գրավելու ձգտման մասին է։ Եվ, իհարկե, ճնշման միջոցով ստիպել Երեւանին պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, ինչպես այն պատկերացնում են Բաքվում։ Այլ կերպ ասած՝ Բաքուն ձգտում է ստիպել Երեւանին հետ կանգնել Արցախի ինքնորոշման պահանջից։ Կարծում եմ՝ պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի կողմից այդ խնդիրների իրագործմանը հետևողականոորեն, այլ ոչ թե զուգահեռաբար հասնելու հնարավորությունը ։ Եվ այն, որ մեկ կետի հասնելը կարող է դուռ բացել Բաքվի օրակարգի մյուս կետերի իրականացման գործընթացի համար", - նշել է նա։
Այս կտրվածքով՝ Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդների եւ ռուս զինվորականների տեղակայման վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկի իրականացումը, դիվանագետի կարծիքով, ընդհանուր առմամբ, կարող է կանխել հետագա բախումները սահմանին: Սակայն այն նաեւ մի շարք հարցեր է առաջացնում, քանի որ նման գործողությունների իրականացումը, ըստ նրա կանխատեսումների, լիովին կարող է ապագայում քաղաքական-իրավական և ռազմական ռիսկերի ձևավորման պատճառ դառնալ։
Այս համատեքստում դիվանագետը նշել է էական տարբերությունը, օրինակ, չեզոք տարածքում Ռուս զինվորականների տեղակայման եւ ՀՀ ԶՈՒ ներկայիս դիրքերի միջեւ։ Եվ այն դեպքում, եթե սահմանին հայտնվեն հենց ռուս սահմանապահները, այլ ոչ թե, պարզապես, ՌԴ ԶՈՒ զինծառայողներ, Մելիքյանը ենթադրում է, որ դա միանգամայն կարող է հիմք հանդիսանալ՝ սահմանը որոշելու հենց այն գծով, որի վրա նրանք տեղակայվելու են։
"Ամեն դեպքում վաղաժամ եմ համարում վերլուծել այդ սցենարների իրականացումը այն պայմաններում, երբ դրանք գտնվում են բացառապես Հայաստանի իշխանությունների ցանկությունների մակարդակում։ Եվ, որքան ես հասկանում եմ, Մոսկվայի հետ պաշտոնական բանակցություններ այս հարցի շուրջ դեռ չեն ընթացել ։ Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱԳՆ և ՊՆ ղեկավարությունը դեռևս կազմավորման գործընթացում է, հնարավոր է թվում տրամաբանորեն ենթադրել, որ որոշումներ կայացնող հիմնական բանակցողը և, համապատասխանաբար, դրանց իրականացման համար պատասխանատու անձը վարչապետ Փաշինյանն է", - ընդգծել Է դիվանագետը։
Ըստ Մելիքյանի՝ արտասահմանյան գործընկերների հետ Փաշինյանի շփումներում պատշաճ թափանցիկության բացակայության պայմաններում, որը թույլ է տալիս տեսանելի դարձնել ՀՀ վարչապետի կարմիր գծերը, այսօր բացարձակապես ոչինչ չի կարելի բացառել: Ընդ որում, նա նշել է, որ վերջին բոլոր գործընթացները ճակատագրական են ոչ միայն Հայաստանի եւ հայ ժողովրդի, այլեւ անձամբ Փաշինյանի համար: Վերջինս, ըստ նրա, Հայաստանի հակառակորդների համար շահերի բախում ձևավորելու նախադրյալ և խթան է, ինչի արդյունքում Փաշինյանը ստիպված կլինի ընտրություն կատարել սեփական շահերի և ազգի շահերի միջև։
"Այս ֆոնին Հայաստանում ներքին ինքնակազմակերպման մակարդակը շարունակում է աղետալի ցածր մնալ։ Իսկ իշխող ուժին արտահերթ ընտրությունների արդյունքում այդպես էլ չհաջողվեց համախմբել հասարակությանը մեկ առանցքի շուրջ։ Մինչդեռ, հենց նման համախմբումը թույլ կտար առավելագույնս ապահովել մեր պետական, ազգային շահերի իրագործումը, ինչը հասարակությանը հավատ կհաղորդեր ապագայի նկատմամբ։ Այս ամենի բացակայությունը խոսում է իշխանության շրջանում իրավիճակի լրջության լիարժեք գիտակցման բացակայության եւ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին արձագանքելու անկարողության մասին", - ամփոփել է դիվանագետը։