Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Սիմոնյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն Սիմոնյան, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով: Դուք խորհրդարանի խոսնակի պաշտոնը ստանձնում եք մեր երկրի և տարածաշրջանի ապագայի համար կարևորագույն մի ժամանակաշրջանում, երբ մենք բոլորս անցնում ենք պատմական փորձությունների միջով: Այս ճանապարհին կարևոր է, որ խորհրդարանը և խորհրդարանական բանավեճերը լինեն համախմբման և ոչ երբեք պառակտման միջոց, ընդունված օրենքների ու որոշումների որակն ու բովանդակությունը համարժեք լինեն մեր ազգի ու պետության առաջ կանգնած մարտահրավերներին ու ձգտումներին: Դրանց առանցքում պիտի լինի մեր պետության ու նրա ինստիտուտների ուժեղացման օրակարգը: Սա պիտի լինի մեր բոլորիս, այդ թվում Ազգային ժողովի ուղենիշը:
Հարգելի պարոն Սիմոնյան, Ձեզ հաջողություն և արդյունավետ աշխատանք եմ մաղթում՝ Ազգային ժողովի նախագահի բարձր և պատասխանատու կարգավիճակում»: