Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:
Ավելի վաղ խորհրդարանական մեծամասնությունը՝ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը, պաշտոնապես վարչապետի թեկնածու էր առաջադրել Նիկոլ Փաշինյանին: Այդ մասին հաղորդել էր խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը ՝ Facebook-ի իր էջում հրապարակելով խմբակցության որոշումը։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ստորագրությամբ որոշման մեջ նշվում է, որ վարչապետի ներկայիս պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում Սահմանադրության 149-րդ հոդվածի և "Ազգային ժողովի կանոնակարգ" Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ և 140-րդ հոդվածների համաձայն:
Հայաստանի նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության կողմից ներկայացված թեկնածուին: Կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո ՝ տասնհինգօրյա ժամկետում։ Վարչապետն իր նշանակումից հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածություններ: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներ եւ նախարարներ, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է ընդունում հնգօրյա ժամկետում։ Եթե հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:
Վարչապետը կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը յոթնօրյա ժամկետում հավանություն է տալիս կառավարության ծրագրին ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին եւ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետ, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրերին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Սույն հոդվածի 3-րդ մասը չի տարածվում Սահմանադրության 115-րդ հոդվածին համապատասխան ձեւավորված կառավարության ծրագրի վրա: Եթե այդ կառավարության ծրագրին հավանություն չի տրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով։