Արմինֆո.Չինաստանի Լյաոչեն քաղաքում արտադրված ավտոբուսները Հայաստան կժամանեն այս տարվա հոկտեմբերին։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մեր պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ, որտեղից էլ նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան: Ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը: Ավտոբուսները Երևան կհասնեն նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին: Բարի երթ», - գրել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու խորհրդի մայիսի 25-ի հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել էր, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում Երևանի տրանսպորտային պարկը կհամալրվի 211 նոր 8.6 մետրանոց ավտոբուսներով։ Նոր ավտոբուսները համապատասխանում են միջազգային չափանիշներին, աշխատում են CNG գազով, որը համարվում է կանաչ վառելիք։