Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (ՌԴ) հանդես են եկել հայտարարությամբ:
Հայտարարությունում ասվում է, որ համանախագահները մտահոգությամբ են վերաբերվում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջերս տեղի ունեցած միջադեպերին, ներառյալ վիրավորների եւ մարդկային զոհերի մասին հաղորդագրությունները: Համանախագահները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից և ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի վերաբերյալ համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների վերաբերյալ:
Համանախագահները վերահաստատում են հակամարտության էությանն առնչվող բոլոր մնացած հիմնական հարցերի համաձայնեցված, համապարփակ եւ կայուն կարգավորման անհրաժեշտությունը եւ կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ իրենց հովանու ներքո բանակցություններին: Նրանք կրկնում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը կարողանան համատեղ քննարկել եւ համաձայնեցնել իրենց առաջնահերթությունները արտացոլող համակարգված օրակարգը՝ առանց նախապայմանների:
"Համանախագահները ևս մեկ անգամ վերահաստատում են իրենց վճռական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին", - ասվում է հայտարարության մեջ: