Արմինֆո. Լուրջ մտահոգություն է հարուցում տարածաշրջանում լարվածության հետագա էսկալացման վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ ձեւաչափով պայմանավորվածությունների կատարման վրա, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ: Այս մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի պաշտոնական հայտարարության մեջ։
Մասնավորապես, նա նշել է, որ ուժի կիրառումն անընդունելի է, իսկ հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ողջունել է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը:
Նշելով, որ 2021 թվականի հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ, որոնց հետեւանքով հայկական զինված ուժերի երեք զինծառայող է զոհվել, չորսը՝ վիրավորվել, Ստանիսլավ Զասը խորին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: