Արմինֆո.Երևանի ավագանու մի խումբ անդամների նախաձեռնությամբ այս շաբաթ հրավիրվել է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը։ Այդ մասին հաղորդել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ Facebook-ի իր էջում:
«Համակարգային առումով սա հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավել՝ քաղաքն ու քաղաքացիներին սպասարկելու համար: Բայց օրենքը պահաջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման համար բարձրացնել նաև քաղաքապետի աշխատավարձը: Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը։ Ուստի, ես կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը։ Իսկ եթե ավագանու քվեարկությամբ որոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում, այսինքն, 415.000 դրամ: Ավելացած գումարը կուղղվի բարեգործության», - գրել է քաղաքապետը: