Արմինֆո. Ֆրանսիայում, բնականաբար, պատրաստ են քննարկել Հայաստանի իշխանությունների կողմից պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ բոլոր հայտերը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ «Ազատությանը» բացառիկ հարցազրույցում:
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը, մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն։ Ընդհանուր առմամբ, մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում», - նշել է Ֆրանսիայի դեսպանը։
Անդրադառնալով Ռուսաստանի քննադատությանը եւ 44-օրյա պատերազմում անգործության համար մեղադրանքներին՝ Լաքոտը վստահություն է հայտնել, որ Մոսկվայի դերին պետք է նայել ընթացիկ իրողությունների պրիզմայով:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, կարծում եմ՝ պետք է հայացք նետենք ներկա իրողություններին։ Ներկա իրողություններն այնպիսին են, որ Ռուսաստանն ապահովում է Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ Եթե ռուսական ուժերը չլինեին, Ղարաբաղում այլևս հայ չէր լինի։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հանգեցրեց մի հրադադարի, որը, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Միևնույն ժամանակ, ութ ամիս անց մենք տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի լուծում բոլոր հարցերը։ Դրա որոշ դրույթներ, մասնավորապես՝ ռազմագերիների ազատման դրույթը, լիովին չեն հարգվում։ Եվ ընդհանուր առմամբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչինչ չի ասում Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։ Այսպիսով, նոյեմբերի 9-ի հայտարարությունը մի փուլ էր, բայց հիմա պետք է ամրապնդել խաղաղությունը, հրադադարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսել քաղաքական գործընթաց», - ընդգծել է Լաքոտը:
Դիվանագետը նաեւ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին եւ պարզաբանել է իր ֆեյսբուքյան գրառումը՝ «Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում»։ «Ֆեյսբուքյան այս գրառմամբ երկու բան էի ցանկանում արտահայտել։ Նախևառաջ, ցանկանում էի նկարագրել մի իրողություն, որը հետևյալն էր` երկուշաբթիից երեքշաբթի գիշերը՝ գիշերը ժամը 2-ին, բոլորն օնլայն էին, ոչ ոք չէր քնում, բոլորը անհանգստացած էին Երևանում, Հայաստանում։ Երկրորդ ուղերձը համերաշխության ուղերձն էր։ Ցանկանում էի ինձ հետևող մարդկանց ասել, որ Ֆրանսիան հետևում է սահմանի իրավիճակին։ Մարդիկ պետք է վստահ լինեն, որ Ֆրանսիայի իշխանություններն ամենաբարձր մակարդակով լիովին տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Երասխը միաժամանակ խորհրդանշական և ռազմավարական վայր է։ Ռազմավարական, քանի որ Ադրբեջանի հետ Երևանին ամենամոտիկ սահմանն է, իսկ խորհրդանշական, քանի որ սա մի վայր է, որտեղ հանդիպում են չորս պետություններ։ Այս պահին այնտեղ լարվածություն կա, բայց պետք է հուսանք, որ ապագայում Երասխը կարող է կրկին դառնալ այն խաչմերուկը, որ եղել է ժամանակին», - ամփոփել է դեսպանը։