Արմինֆո. Հուլիսի 20-ին Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար, Եվրոպական խորհրդարանում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նրան ուղեկցել են ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Հյուրերին դիմավորել է և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նրանք ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Նատալի Լուազոն եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին նա գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ մասնավորապես նշել է. «Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես Ֆրանսիան և Եվրոպական խորհրդարանն են դա արել»:
Հարություն Մարությանը շնորհակալություն է հայտնել ԵԽ ֆրանսիացի պատգամավորին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար ու նվիրել ՀՑԹԻ վերջին հրատարակություններից: