
Արմինֆո. Երասխավանի գնդակոծությունների միջոցով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է ստեղծել լարված իրավիճակ, լարվածության հերթական օջախ Հայաստանի հետ սահմանին' դրանով իսկ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել մեր բնակչության վրա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Օրբելի" վերլուծական կենտրոնի Ադրբեջանի գծով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։
"Նման ագրեսիայի հիմնական նպատակը, անկասկած, "Երեւանին խաղաղության պարտադրելու" Բաքվի ձգտումն է, անշուշտ, այն ըմբռնմամբ, որով այն այսօր տեսնում է Իլհամ Ալիեւը։ Նման ձգտում հստակ դրսևորվում է ադրբեջանական բանակի բոլոր գործողություններում։ Եվ հենց Ալիևը բազմիցս հնչեցրել է ռազմական ուժի կիրառման սպառնալիք՝ եթե Հայաստանը չցանկանա նման խաղաղության գնալ իր պայմաններով", - ընդգծել է փորձագետը։
Երասխավանի չդադարող գնդակոծությունները փորձագետը դիտարկում է որպես 44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանի վրա ճնշում գործադրելու ադրբեջանական քաղաքականության օրինաչափ շարունակություն: Ընթացիկ գնդակոծությունները, նրա կարծիքով, Ադրբեջանում հայ գերիներից, Գեղարքունիք եւ Սյունիք ադրբեջանական ներխուժումից բաղկացած մեկ շղթայի օղակներ են: Վերջնական նպատակ ունենալով ստիպել Երևանին միակողմանի զիջումների Արցախի շուրջ հակամարտության կարգավորման և Արցախի կարգավիճակի որոշման հարցում։
Այս քաղաքականության շրջանակներում Բաքուն, Հովհաննիսյանի գնահատմամբ, ճնշում է գործադրում Հայաստանի հասարակական կյանքի ինչպես հոգեբանական, այնպես էլ սոցիալ-տնտեսական բաղադրիչի վրա։ Դրանով իսկ Ադրբեջանն արհեստականորեն թեժացնում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, անկայունությունը։ Նպատակը, ընդ որում, նույնն է՝ նոր զիջումներ կորզել Երեւանից։ Փորձագետը համոզված է, որ հայ հասարակության շրջանում, ներքաղաքական դաշտում մշտական լարվածության պահպանման միջոցով Ադրբեջանը փորձում է Հայաստանի ղեկավարության համար ստեղծել այլընտրանք չունեցող իրավիճակ, երբ միակողմանի զիջումները կմնան երկրի ներսում իրավիճակը հանդարտեցնելու միակ միջոցը:
"Ամեն դեպքում, Երասխավանի գնդակոծությունների՝ լիարժեք ռազմական բախման վերաճելու սցենարը չի կարելի բացառել։ Նման իրավիճակում, վերջին պատերազմի ֆոնին, մենք իրավունք չունենք անտեսել նման սցենարը։ Հայաստանի հետ Ադրբեջանի և Թուրքիայի հարևանության փաստն իսկ մեզ իրավունք չի տալիս բացառել նոր պատերազմի սցենարը։ Համապատասխանաբար, մեր բոլոր գործողությունները պետք է բխեն տվյալ փաստից և տվյալ տրամաբանությունից", - ամփոփել է Հովհաննիսյանը։