Արմինֆո.Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ՀԱՊԿ-ի պատասխանատվության կենտրոնասիական գոտու համար մեծ աշխարհաքաղաքական դիմակայության մի մասն են։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
"Մասնավորապես, Աֆղանստանից հեռանալուց հետո Միացյալ Նահանգներն այդ երկրում և ոչ միայն այդ երկրում, այլ նաև շրջակա տարածաշրջանում իր գործառույթների ու լիազորությունների մի մասը պատվիրակում է Թուրքիային։ Դա արվում է միանգամայն գիտակցաբար՝ Անկարայի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու եւ ՆԱՏՕ - ի շրջանակներում գործընկերությունն ավելի խորացնելու նպատակով", - ընդգծել է նա։
Ի պատասխան ԱՄՆ-ի այդ գործողություններին՝ Ռուսաստանը, փորձագետի գնահատմամբ, գործում է բավական ռացիոնալ եւ դուրս չգալով քաղաքական պրագմատիզմի շրջանակներից։ Ըստ Նադեին-Ռաեւսկու, Մոսկվայում ընդունելով Ռուսաստանում պաշտոնապես արգելված "Թալիբան" շարժման ներկայացուցիչներին, ՌԴ ԱԳՆ-ն ցուցադրել է այդ նույն պրագմատիզմը: Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի համար "Թալիբանը" վտանգ չի ներկայացնում։ Եվ ավելին, որոշակի հանգամանքներում կարող է դառնալ, նույնիսկ, տարածաշրջանում իրավիճակը կայունացնող գործոն։
"Թալիբանում", նրա կարծիքով, շատ լավ հասկանում է, որ Կենտրոնական Ասիայում ի դեմս "Իսլամական պետության" առկա է վտանգավոր ընդհանուր թշնամի, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում, այդ թվում ՝ Ռուսաստանի համար։ Եվ ԻՊ-ին դիմակայելու թալիբների խոստումները չափազանց կարևոր են Մոսկվայի համար։ Ինչպես նաեւ կարևոր է այս հարցում համագործակցությունը նույն Թուրքիայի հետ, որը վերջին երեք տասնամյակների ընթացքում մշտապես մեծացրել է իր ազդեցությունը Միջին Ասիայում՝ հասարակական և քաղաքական կյանքի բոլոր հնարավոր ոլորտներում։
"Կարևոր է նշել, որ այս ամենն օրինաչափ կերպով այսօր վերածվել է Թուրքիայի բավական լուրջ առավելության միջինասիական պետություններում։ Այդպիսով, արդեն այսօր ստիպված ենք արձանագրել թյուրքական գաղափարների գերիշխանությունը հետխորհրդային տարածքի այս հատվածում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։ Այնուամենայնիվ, իրավիճակի վրա ազդելու լծակներ ունի նաև Մոսկվան, ինչի մասին վկայում է նույն թալիբների հետ հանդիպումը Սմոլենսկի հրապարակում։ Եվ այս լույսի ներքո՝ խոսել Ռուսաստանը Թուրքիայով փոխարինելու միջինասիական երկրների պատրաստակամության մասին առայժմ վաղաժամ է", - ամփոփել է ռուս փորձագետը ։