Արմինֆո.Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դիարբեքիրի հարավ-արեւելյան շրջան կատարած այցի ընթացքում հայտարարել է երկրի պատմությունը կեղծելու անթույլատրելիության մասին: Եվ այդ առնչությամբ թուրք առաջնորդը ավելի լավ բան չի գտել, քան պատմության նենգափոխումն ու "20-րդ դարի սկզբին Անատոլիայում քրդերի կոտորածի համար" հայերին մեղադրելը։
Նա, մասնավորապես, հայտարարել է, թե, իբր, տեղացի եւ արտասահմանցի պատմաբանները միաբերան հայտարարում են, որ "հայկական ջոկատները 1915 թվականին Անատոլիայում կոտորել են միայն մինչեւ մեկ միլիոն անզեն էթնիկ քրդերի"՝ այդպես էլ չբարեհաճելով նշել այդ «պատմաբաններից» գեթ մեկի անունը: Նա նաև լռության է մատնել այն գանհամանքը, որ կան բազմաթիվ վավերագրված փաստեր, որոնք վկայում են 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում առնվազն 1,5 միլիոն հայերի բնաջնջման և Արևմտյան Հայաստանի իրենց պատմական տարածքներից միլիոնավոր մարդկանց տեղահանության մասին:
"Եվ այդ անձինք (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները ՝ HDP), անտեսելով փաստերն ու իրողությունները, փորձում են անամոթաբար հասնել Հայոց ցեղասպանության մասին ստի ճանաչմանը։ Նրանք այնքան հեռու են պատմությունից եւ սեփական ինքնությունից, որ իջել են այն աստիճան, որ հիանում են իրենց նախնիների մարդասպաններով", - ասել Է Էրդողանը, մոռանալով, որ ոչ թե անցյալ հարյուրամյակի սկզբին, այլ հենց հիմա, թուրքական իշխանություններն առանց խղճի խայթի էթնիկ քրդերին ոչնչացնում են ոչ միայն բուն Թուրքիայում, այլեւ մերձավորարեւելյան տարածաշրջանի այլ երկրներում։
Թուրքիայի նախագահը նաեւ հավաստիացրել է, որ HDP-ի կողմնակիցների ողջ հռետորաբանությունը հիմնված է "խաբեության եւ պոպուլիզմի վրա": "HDP-ի եւ PKK-ի ահաբեկիչների միջեւ կապի բացակայության մասին պնդումները եւս մեկ սուտ են։ Այդ կուսակցության ներկայացուցիչները խաղում են շարքային քաղաքացիների զգացմունքների վրա", - ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանի այս հայտարարությունը, կամա թե ակամա, հիշեցնում է "Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է" հին արաբական ասացվածքի մասին, որից Հայաստանը կարող էր օգտվել իր արտաքին քաղաքական օրակարգն իրականացնելիս ։