Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կայանալիք հանդիպմանը կքննարկեն այն, ինչն անհրաժեշտ կհամարեն: Այդ մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ "Բնականաբար, դա կլինի իրավիճակն անվտանգության ոլորտում՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որ կա։ Կլինի կարծիքների փոխանակում մեր քաղաքական երկխոսության զարգացման դինամիկայի հետագա պահպանման, տնտեսության ոլորտում, հումանիտար ոլորտում հարաբերությունների շուրջ։ Կլինի դիրքորոշումների հստակեցում՝ մեր հարաբերությունների հետագա ակտիվացման, խորացման նպատակով՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանում ընտրություններից հետո։ Սա է հիմնականը", - կարծում է դեսպանը։
Դրա հետ մեկտեղ, Կոպիրկինը նշել է եւս մեկ, իր կարծիքով, շատ կարեւոր պահ: Նա հիշեցրել է, որ հաջորդ տարի Հայաստանը եւ Ռուսաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը: "Կարծում եմ, որ այս առումով նույնպես առաջնորդները կարծիքներ կփոխանակեն. ինչպես արժանապատվորեն, հարաբերությունների մակարդակին համապատասխան ոգով, նշել այդ նշանակալի իրադարձությունները", - ամփոփել է դիվանագետը:
Նշենք, որ այսօր՝ հուլիսի 7-ին, Մոսկվայում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ռուսական ռազմավարական օրակարգի հարցեր: Կողմերը կանդրադառնան նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման գործընթացին, ռազմական գործողությունների հետեւանքով տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելուն, ինչպես նաեւ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնմանը վերաբերող հարցերին: