Արմինֆո. Կյանքի 93-րդ տարում մահկանացուն է կնքել աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը։ Տխուր լուրի մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է երաժշտի թոռը՝ կրտսեր Ջիվան Գասպարյանը։ «Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին: Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»,- գրել է անվանի դուդուկահարի թոռը:
Հիշեցնենք, որ Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928 թվականին Հրազդան քաղաքից ոչ հեռու գտնվող Սոլակ գյուղում։ 6 տարեկանից սկսել է դուդուկ նվագել։ 1948 թվականին դարձել է ազգային երգի ու պարի համույթի մասնակից։ Նույն թվականին կայացել է նրա առաջին մասնագիտական ելույթը Երևանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ՝ որպես մենակատար։ 1946 թվականին Գասպարյանը ինքնագործ անսամբլի կազմում ելույթ է ունեցել Մոսկվայում ԽՍՀՄ հանրապետությունների արվեստի վարպետների ստուգատեսում ։ 1956թ. Ջիվան Գասպարյանն իր առաջին մրցանակն է ստացել դուդուկի կատարողների մրցույթում ։ 1957 թվականին Գասպարյանը "Բերյոզկա" համույթի հետ առաջին անգամ մեկնել է Ամերիկա արտասահմանյան հյուրախաղերի։ Նա աշխատել է այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Լայոնել Ռիչին, Սերժ Թանկյանը, Պիտեր Գեբրիելը, Հանս Ցիմերը, Բրայան Մեյը, Բորիս Գրեբենշիկովը, Իրինա Ալեգրովան, Վլադիմիր Պրեսնյակովը։ Երաժիշտը պարգեւատրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի չորս մեդալներով եւ Womex (World Music Expo) "երաժշտական արվեստին մատուցած ծառայությունների համար" մրցանակով: Իր կյանքի ընթացքում Ջիվան Գասպարյանը տվել է ավելի քան 20 հազար համերգ։ Գասպարյանի կատարմամբ երաժշտությունը հնչում է ավելի քան 40 կինոնկարներում։ Հոլիվուդյան առաջին ֆիլմը, որտեղ դուդուկի սաունդթրեկ կա, Մարտին Սկորսեզեի "Քրիստոսի վերջին գայթակղությունն" է (1988): Դրանից հետո եղել են "Արարատը", "Ալեքսանդր", "Քրիստոսի կրքերը", "Դա Վինչիի ծածկագիրը", "Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի եզրին", "Մյունխեն", "Սիրիանա", "Մոխիր և ձյուն", "Տուն. Ճանապարհորդության պատմություն", "Օնեգին", "Գահերի խաղ" և այլն: "Գլադիատորի" կոմպոզիցիան արժանացել է "Ոսկե գլոբուս" մրցանակի:
Ջիվան Գասպարյանը Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր էր, դասավանդել և պատրաստել է բազմաթիվ պրոֆեսիոնալ դուդուկահարների։