Արմինֆո. Չինական կողմը միտք չի արտահայտել, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" մասին: Հուլիսի 2-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը։
Անդրադառնալով նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությունը գնահատելու խնդրանքին, ըստ որի, Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ, իբր, հայտարարել է, որ "Զանգեզուրի միջանցքը" ներդրում կունենա "Մեկ գոտի, մեկ ուղի" տրանսպորտային նախագծում, Ֆան Յունը հիշեցրել է, որ ՉԺՀ-ն բարեկամական հարաբերություններ է պահպանում թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ: Ընդ որում, նա հույս է հայտնել, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ հակամարտությունը հնարավոր կլինի լուծել բանակցությունների միջոցով: Այդ տեսանկյունից չինացի դիվանագետը արձանագրել է, որ բանակցություններն, ամեն դեպքում, պատերազմից լավ են։
"Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, ապա մենք արդեն քննարկել ենք մեր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Կարող եմ ասել, որ չինական կողմը նման միտք չի արտահայտել։ Բայց մենք մեր հնարավորությունների շրջանակներում առավելագույն ջանքեր կգործադրենք տարածաշրջանային անվտանգությունը պահպանելու համար ։ Մենք ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ խաղաղության պահպանման գործում եւ վերջ դնել այդ հակամարտությանը", - ասել է դեսպանը, հավելելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ներգրավված են "Մեկ գոտի, մեկ ուղի" նախագծում։
Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման փաստին գնահատական տալու խնդրանքին՝ դեսպանը հիշեցրել է, որ Չինաստանի ԱԳՆ-ն արդեն արտահայտել է իր դիրքորոշումն այդ իրավիճակի վերաբերյալ: "Ես եւս մեկ անգամ ընդգծեմ, որ մենք ձգտում ենք երկխոսության ճանապարհով երկու կողմերի միջեւ խաղաղ հարաբերություններ հաստատել", - նշել է Ֆան Յունը:
Վերջում նա հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը նաեւ կկարողանան ընդհանուր հայտարարի գալ ռազմագերիների վերադարձի հարցով, եւ այսուհետեւ նման միջադեպեր չեն լինի:
Նշենք, որ դեսպանի հետ զրույցը տեղի է ունեցել այսօր Երեւանում Չինաստանի կոմունիստական կուսակցության 100-ամյակին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում, որին մասնակցում են Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը, Չինաստանի ՇՀԿ բարիդրացիության, բարեկամության և համագործակցության կոմիտեի գլխավոր քարտուղար Չժեն Վեյը, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը, ինչպես նաև հայտնի գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Սերբիայից, Վրաստանից, ԱՄԷ-ից և այլ երկրներից: