Արմինֆո.Հայաստանի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի հայտնվելու հիմքում ընկած է երկու պետությունների միջեւ սահմանազատման բացակայությունը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։
"Ինչպես, ի դեպ, գրեթե ամենուրեք հետխորհրդային տարածքում: Այդ խնդիրը բնավ չի սահմանափակվում Հայաստանով և Ադրբեջանով։ Հենց նույն Ադրբեջանի և Վրաստանի միջև առկա նույն խնդիրները պայմանավորված են նրանով, որ սահմանները գծվել են քարտեզների վրա՝ տեղերում սահմանազատման և սահմանորոշման բացակայության պայմաններում։ Խնդիրը լուծելի է դրա ուսումնասիրման եւ բանակցությունների միջոցով։ Եվ սադրանքներ կազմակերպելու միջոցով, սադրանքների ենթարկվելով, այդ խնդիրը լուծել չի հաջողվի։ Դա կողմերին ոչ մի լավ չի հանգեցնի", - ընդգծել է նա։
Մեկնաբանելով խաղաղապահ առաքելության 5-ամյա ժամկետի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գտնվելու հեռանկարները' փորձագետն ընդգծել է, որ լինելով ղարաբաղյան հայերի գոյության միակ երաշխավորը, ռուս զինվորականները կմնան Ղարաբաղում նաեւ 5 տարի անց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղարաբաղը կարող է լինել միայն հայկական, քանի որ արցախահայությունը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում, ռուս խաղաղապահները, նրա կանխատեսմամբ, Ղարաբաղում կմնան շատ ավելի երկար ժամանակով։
"Իհարկե, Բաքուն կարող է պահանջել դրանց դուրսբերում։ Բայց, ես կարծում եմ, որ Ռուսաստանն այդ դեպքի համար ներգործության բավականաչափ լծակներ ունի՝ ի պատասխան նման պահանջների։ Հասկանալի է, որ հակառակ դեպքում ռուս խաղաղապահներն Արցախում, պարզապես, չէին հայտնվի։ Կարևոր է նաև ընդգծել, որ միջազգային պրակտիկայում չեմ հիշում նման իրավիճակներում օտարերկրյա զորքերի դուրսբերման դեպքեր։ Խոսքը մի շարք երկրների տարածքների մասին է։ Դա սովորական պրակտիկա է, եւ եթե օտարերկրյա զորքերը եկել են, ապա, որպես կանոն, նրանք երկար են մնում", - ընդգծել է նա։
Արևելագետի գնահատմամբ՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահները բացառություն են, որը չի ընկնում 44-օրյա պատերազմի արդյունքում կտրուկ աճած Թուրքիայի ազդեցության տակ։ Ճանաչելով Թուրքիայի տարածաշրջանային հզորացման փաստն անվիճելի՝ Սկակովը, միաժամանակ, ընդգծել է Ռուսաստանի ազդեցության զուգահեռ աճի փաստը։ Այս լույսի ներքո՝ նա նշել է, որ մինչև անցյալ տարվա աշուն Արցախում և հարակից տարածքներում ռուս զինվորականներ, պարզապես, չեն եղել։
Իսկ աժմ նրանց հայտնվելուց հետո, նրա գնահատմամբ, կտրուկ փոխվել է ամբողջ տարածաշրջանի անվտանգության ողջ ճարտարապետությունը, ներառյալ ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլեւ Վրաստանը։ Արդյունքում, ըստ Սկակովի, ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն ունեցող Վրաստանը դե ֆակտո հայտնվել է ռուսական բանակի շրջապատման մեջ։ Վերջին երկու հանգամանքները, նրա գնահատմամբ, թույլ են տալիս արձանագրել Մոսկվայի դիրքերի բավականին զգալի ամրապնդում ողջ Հարավային Կովկասում: