Արմինֆո.Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Պետեր Մաուրերը նշել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմագերիների փոխանակման հարցում առաջընթացի առկայությունը:
Մաուրերը "Իզվեստիա" թերթին տված հարցազրույցում պատասխանելով համապատասխան հարցին, մասնավորապես ասել է. "Առաջընթաց է ձեռք բերվել, գերիները վերադառնում են տուն: Միևնույն ժամանակ, դեռևս վեճեր են ընթանում որոշ ձերբակալվածների մասին, թե՝արդյոք նրանք համարվում են ռազմագերիներ, ինչ կարգավիճակ ունեն և արդյոք նրանք կարող են վերադառնալ։ Մենք շարունակում ենք զբաղվել այդ հարցերով"։ Ընդ որում, նա ընդգծել է, որ Կարմիր խաչն Ադրբեջանում ձերբակալվածներին համար անմիջական հասանելիություն ունի։ "Մենք կարող ենք կիսել մեր փորձը, կարող ենք խորհուրդ տալ ինչ-որ բան, բայց համապատասխան կառավարություններն իրենք պետք է որոշեն եւ վերջնական գնահատական տան կարգավիճակին: Իակ մենք կապի մեջ ենք երկու կողմերի հետ։ Եվ հուսով եմ, որ ապագայում կհաջողվի խնդրի լուծում գտնել բոլոր այն պահված անձանց համար, ովքեր գտնվում են Հայաստանում եւ Ադրբեջանում", - ընդգծել է Մաուրերը ՝ պատասխանելով կազմակերպության կողմից ձերբակալվածներին այցելության մասին հարցին:
Պարզաբանելով, թե ինչ պայմաններում են նրանք պահվում Ադրբեջանում, ԿԽՄԿ ղեկավարը նշել է, որ կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին, սակայն կազմակերպությունը պահման պայմանների հրապարակային գնահատական չի տալիս: "Մենք այցելում ենք, որպեսզի գնահատենք այդ պայմանները, բայց, ինչպես դուք գիտեք, դա գաղտնի գործընթաց է ԿԽՄԿ համար ", - պարզաբանել է նա, հավելելով, որ ԿԽՄԿ-ն համագործակցում է իշխանությունների հետ տարածաշրջանում:
Դրա հետ մեկտեղ, Կարմիր խաչի ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս պահին ԿԽՄԿ-ի բյուջեն մոտավորապես չորս-հինգ անգամ ավելի է, քան 27 տարի առաջ: "Ավելի վաղ մեր բյուջեն կազմում էր մոտ 10-11 մլն դոլար, իսկ այժմ մենք մոտենում ենք 50 մլն դոլարի եւ զգալիորեն ավելացրել ենք մեր ներկայությունը տարածաշրջանում։ Մենք օգնում ենք տեղահանվածներին, օգնում ենք մարդկանց, ովքեր վերադառնում են: Ոչ պակաս կարևոր է այն աշխատանքը, որը կապված է երկու կողմերի բանտարկյալներնի այցելության և նրանց ընտանիքների հետ կապերի վերականգնման գործում մասնակցության հետ։ Եթե անհրաժեշտություն առաջանա, եւ հնարավորություններ ընձեռվեն, մենք, հավանաբար, կշարունակենք ավելացնել մեր ներկայությունն այստեղ, բայց ավելի դանդաղ տեմպերով, որովհետեւ շատ դժվար է ֆինանսավորում ստանալ այդ գործողությունների համար", - ամփոփել է ԿԽՄԿ ղեկավարը:
Հավելենք, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն խախտելով բոլոր պայմանավորվածությունները, արդեն 8 ամիս պահում են հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել են 44-օրյա պատերազմի ընթացքում, այլև նրանց նկատմամբ դատավարություններ են իրականացնում։ Բաքվի այդ գործողությունները հակասում են Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորություններին ։ Ըստ այդ փաստաթղթի 8-րդ կետի՝ ռազմագերիների փոխանակումը պետք է իրականացվեր "բոլորին՝ բոլորի դիմաց" սկզբունքով, սակայն Ադրբեջանն ամեն կերպ շահարկում է այդ հարցը և փորձում քաղաքական դիվիդենտներ ստանալ ։