Արմինֆո. Հայաստանից արտագաղթ լինել-չլինելն այսօր կախված է, հիմնականում, կառավարությունից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի փորձագետ, ժողովրդագիր Արտակ Մարկոսյանը։
"Ես այս պնդման մեջ բացարձակապես ոչ մի չափազանցություն չեմ տեսնում։ Մեր երկրից արտագաղթի հեռանկարներն, առաջին հերթին, կախված են նոր խորհրդարանի աշխատանքի հաջողության աստիճանից և դրա հիման վրա ձևավորվելիք կառավարությունից։ Այդ կառավարության կազմից։ Կարևոր է հասկանալ, թե որ ուղղություններով, ինչ բարեփոխումների վրա է շեշտադրում կատարելու նոր կառավարությունը, և ինչպես այդ ամենը կազդի մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների վրա", - ընդգծել է նա։
Ժողովրդագրի գնահատմամբ՝ Հայաստանի բնակչության արտագաղթի կանխարգելումը պահանջում է անհապաղ արմատական բարեփոխումներ հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Ներառյալ՝ առողջապահության, տնտեսության, սոցիալական, դատաիրավական ոլորտները։ Մարկոսյանի կարծիքով ՝ այս առումով որոշիչ կլինի գալիք տարին։ Քանի որ հենց այս ժամանակահատվածում հասարակությունը կգիտակցի երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու իշխանության պատրաստակամության և վճռականության աստիճանը։ Առաջին հերթին, անցյալ տարվա պատերազմի արդյունքների ածանցյալ անվտանգության խնդիրները։
Նշելով Հայաստանից զանգվածային արտագաղթի բացակայությունը, նույնիսկ, անցյալ տարվա պատերազմի արդյունքում ՝ ժողովրդագրագետը տարակուսանք է հայտնել առանձին, ընդ որում, որպես կանոն, ընտրություններից հետո հասարակության ապահով խավերի կողմից հնչող "տունս վաճառեմ եւ մեկնեմ Ռուսաստան" ոգով սպառնալիքների առնչությամբ։ "Իմ կարծիքով՝ մեր երկիրը չի սկսվում և ավարտվում ընտրությունների արդյունքներով ։ Ինչպես եւ չի որոշվում իշխանության կամ այս կամ այն քաղաքական ճամբարի նկատմամբ համակրանքով կամ հակակրանքով", - ընդգծել է նա։
"Կարող եմ ասել, որ այսօր Հայաստանից մեկնել են որոշակի թվով աշխատանքային միգրանտներ: Ըստ էության, տղամարդկանց, աշխատունակ բնակչության զգալի մասի բացակայությամբ է պայմանավորված վերջին ընտրություններին բավականին ցածր մասնակցությունը։ Իսկ, ընդհանուր առմամբ, մեր երկրում ժողովրդագրական և միգրացիոն իրավիճակը մասնագիտական խորը ուսումնասիրության կարիք ունի ՝ հետագա վերլուծությամբ։ Այժմ ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի հետ համատեղ մենք պատրաստվում ենք Հայաստանում հետպատերազմյան ժամանակաշրջանի հենց նման հետազոտության անցկացման։ Դրանից հետո ես արդեն որոշակի թվեր կներկայացնեմ մեր երկրում ժողովրդագրական և միգրացիոն միտումների վերաբերյալ", - ամփոփել է Մարկոսյանը ։