


Արմինֆո. Վերջին օրերին, ԱՀ ԱԱԾ կոչից հետո, Ազգային անվտանգության ծառայությունում գրանցվել են Ադրբեջանի ու Թուրքիայի Հանրապետությունների քաղաքացիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգերի դեպքեր։
Այդ մասին ասվում է Արցախի ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդագրությունում: «Եվս մեկ անգամ կոչ ենք անում բացառապես զերծ մնալ նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց և անմիջապես դիմել ԱՀ ԱԱԾ։ Միաժամանակ հորդորում ենք զերծ մնալ ապազգային գործելաոճից, չշահարկել ու բաց հարթակներում քննարկման առարկա չդարձնել այդօրինակ լուրերը, որոնց նպատակը Արցախի բնակչության մեջ վախի ու ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծումն է», - ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ, արձագանքելով սոցիալական ցանցերի հայկական տիրույթում և մամուլում տարածված տեղեկատվությանը, ըստ որի «Ադրբեջանցիների կողմից արցախցիներին հեռախոսազանգեր են արվում, որով վերջիններիս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները», ԱՀ ԱԱԾ իրազեկել էր, թե այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Հորդորում ենք զերծ մնալ բնակչության անվտանգությանը վերաբերող թեմաներով ապատեղեկատվություն տարածելուց։ Կոչ ենք անում նման բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել ԱՀ ԱԱԾ», - ասվում էր ասվում էր Արցախի ԱԱԾ նախորդ հաղորդագրությունում։


