Արմինֆո. Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հիմնական արդյունքն այն է, որ ժողովուրդը՝ քվեարկած հայ հասարակության 54 տոկոսը, հերթական անգամ մերժեց "նախկիններին"։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
"Եվ այն, որ հասարակությունը, ցավոք սրտի, չքվեարկեց այլ քաղաքական, ժողովրդավարական ուժերի օգտին, այն, որ մարդիկ նախընտրեցին կրկին քվեարկել "Նիկոլի օգտին", հիմնականում "նախկինների" "արժանիքն է"։ Քաղաքացիները նախընտրեցին մոռանալ սեփական ընտրական համակրանքի մասին՝ 2018 թվի գարնանն իրենց կողմից մերժված նույն ուժերի ռեւանշի հանդեպ վախից։ Այսպիսին են անմխիթար իրողությունները, բայց ես մեծ հույս ունեմ, որ ավելի լայն ու երփներանգ քաղաքական ներկապնակով խորհրդարանի ձեւավորումը կլինի հաջորդ ընտրությունների արդյունքը", - ընդգծել է նա։
Ընդ որում, քաղաքագետը բավական դրական է գնահատել Փաշինյանի խորհրդակցությունները կառուցողական երկխոսության տրամադրված քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Նրա կարծիքով, չնայած խորհրդարան չմտնելուն, այդ քաղաքական միավորներն, անկասկած, առաջարկելու բան ունեն ինչպես Հայաստանին, այնպես էլ նրա ղեկավարությանը: Խոսքը վերաբերում է ծրագրերին, որոնք ներառում են Եվրամիության, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության հետ Երևանի աշխատանքում անհրաժեշտ քայլեր: Եվ իհարկե՝ երկրի տնտեսական զարգացման ուղղությամբ։
Քոչարյանական "Հայաստանի" ստացած 21% ձայները քաղաքագետը սպառնալիք չի համարում Փաշինյանի ստացած սահմանադրական մեծամասնության համար։ Նրա գնահատմամբ՝ այս ֆոնին "նախկինները" խորհրդարանի որոշումների վրա ազդեցություն ունենալ չեն կարող, նույնիսկ, ամենամեծ ցանկության դեպքում։ Մեկնաբանելով նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու Ռոբերտ Քոչարյանի մտադրությունների հնարավոր հեռանկարները ' Գրիգորյանն ընդգծել է, որ դատական համակարգի եւ, ընդհանրապես, ՍԴ-ի նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքի պատճառով, մասնավորապես, ժողովրդական կամարտահայտության արդյունքների դեմ ՍԴ-ի դուրս գալը կարող է բացասական ավարտ ունենալ նրա անդամների համար:
"Հասարակության վերաբերմունքը դատական համակարգի, դատարանների եւ անձամբ՝ դատավորների նկատմամբ հասնում է սարսափի: Այս լույսի ներքո՝ զուտ մարդկայնորեն, ես խորհուրդ չէի տա ՍԴ անդամներին տեղի տալ Քոչարյանին կամ որևէ մեկին։ Այստեղ տեղին է նաև նշել, որ հիմնական ընտրախախտումները կապվում են հենց "նախկինների", այլ ոչ թե գործող իշխանության հետ։ Հասկանալի է, որ այդ ամենը դեռ պետք է ապացուցել հենց նույն դատարաններում։ Բայց արդեն այսօր մենք կարող ենք արձանագրել կայացած ընտրությունների լեգիտիմության և ժողովրդավարականության փաստը։ Եվ, համապատասխանաբար, դրանց արդյունքում ձևավորված սահմանադրական մեծամասնության լեգիտիմությունը", - ամփոփել է քաղաքագետը։