Արմինֆո."Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի եւ "Վեոլիա Ջուր" ՓԲԸ-ի միջեւ կոնֆլիկտը նոր թափ է հավաքում քաղաքում ջրի եւ լույսի մատակարարման խափանումների պատճառով:
Ի պատասխան «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից տարածված հերթական հաղորդագրության, որում նշված է, որ էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի մի շարք պոմպակայանների աշխատանքում, ՀԷՑ-ը հարկ է համարում նշել հետևյալը.
«Ըստ Տեխնիկական կանոնակարգի միջազգային ստանդարտի (ГОСТ 32144-2013) էլեկտրաէներգիայի լարման դրական/բացասական շեղումները չպետք է գերազանցեն 10 %-ը: «Վեոլիա Ջուր» ընկերությունը, որպես «Շոր-շոր» աղբյուրի պոմպակայանում պոմպի աշխատանքի անջատման պատճառ, նշում է լարման նվազումը՝ 6000 վ-ի փոխարեն՝ 5484 վ, ավելացնում նաեւ, որ 4 պոմպի փոխարեն աշխատում է 1-ը: Առաջինը, տվյալ դեպքում առկա է նորմատիվային, թույլատրելի շեղում, և երկրորդը, եթե մեկ պոմպը աշխատում է, ապա կարող են աշխատել նաև մնացած 3-ը: Լարման շեղման արդյունքում պոմպերը կա'մ միանում են, կա'մ՝ ոչ, և պոմպերի քանակն այստեղ նշանակություն չունի: Նույնը կարելի է ասել հաղորդագրության մեջ նշված մյուս օրինակների մասին:
Ինչ վերաբերում է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից էլեկտրամատակարարման լարման շեղումների մասին 15 օրվա կտրվածքով բողոքին, խնդրում ենք նկատի ունենալ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիա է մատակարարում Հայաստանում գործող բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկությունների, ոռոգման, ջրամատակարարման այլ ընկերությունների, որոնցից այս օրերին լարման շեղման վերաբերյալ որեւէ բողոք չի ստացել: Ավելին, մեր Ընկերության մի շարք աշխատակիցներ, երեկ զանգահարելով «Վեոլիա Ջուր» ընկերության բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոն, ճշտելու, թե որն է իրենց հասցեների ջրազրկման պատճառը, եւ պատասխան ստանալով, որ պատճառը լարման շեղումներն են, հնարավորություն են ունեցել չափելու լարումը և համոզվել են, որ շեղում չկա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը անհրաժեշտության դեպքում պատրաստ է աջակցել և մասնագիտական խորհրդատվություն տրամադրել «Վեոլիա Ջուր» ընկերությանը պոմպակայանների բնականոն աշխատանքի վերականգնման համար», - ասվում է ՀԷՑ-ի հաղորդագրությունում:
Նշենք, որ արդեն մի քանի օր Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններում ինչպես ջրի, այնպես էլ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ են նկատվում։ "Վեոլիա Ջուր" ՓԲԸ-ն պնդում է, որ ջրի մատակարարման խափանումները պայմանավորված են հոսանքի լարման տատանումներով, մինչդեռ, "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ում ընդգծում են, որ եթե լարման տատանումներ եղել են, ապա դրանք սահմանված նորմատիվների շրջանակներում են և չէին կարող ազդել բնակչությանը ջուր մատակարարող ընկերության պոմպակայանի աշխատանքի վրա: