Արմինֆո. ԱՄՆ պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ, որում շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների կապակցությամբ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ ընդհանուր առմամբ ողջունելի է համարվում ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) առաքելության դրական գնահատականը: "Մենք ուրախ ենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացություններում նշվել է, ընդհանուր առմամբ, մարդու իրավունքների եւ ընտրողների հիմնական ազատությունների ապահովումը, թեկնածուները կարողացել են ազատորեն քարոզչություն իրականացնել, եւ որ ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատել ընտրությունների օրը ձայների հաշվարկի գործընթացը: Մենք նաեւ կիսում ենք ԺՀՄԻԳ - ի մտահոգությունը ընտրությունների առանցքային մասնակիցների կողմից բեւեռացման եւ սադրիչ հռետորաբանության վերաբերյալ", - շարունակել է Փրայսը:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը կոչ է արել բոլոր կողմերին հարգել ընտրությունների արդյունքները դրանց հաստատումից հետո, բողոքարկել արդյունքները օրենսդրական ճանապարհով եւ խուսափել քաղաքական հատուցումից, քանի որ Հայաստանը շարունակում է ձգտել ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ եւ բարգավաճ ապագայի: "Միացյալ Նահանգները հավատարիմ է մեր գործընկերության ամրապնդմանը ընդհանուր ժողովրդավարական արժեքների հիման վրա: Մենք արժանին ենք մատուցում
Հայաստանին ՝ բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռք բերած առաջընթացի համար եւ կոճ եմք անում շարունակել ընթանալ այդ ուղով՝ 2018 թվականի գարնանը հայ ժողովրդի արտահայտած իղձերին համապատասխան։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել օրենքի գերակայությունը եւ ժողովրդավարական սկզբունքները, եւ նոր կառավարության հետ փոխգործակցության հույս ունենք ՝ զարգացնելու մեր երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը", - նշել է Փրայսը։
Վերջում նա շնորհակալություն է հայտնել դեսպան Լին Թրեյսիին և Երևանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին ՝ Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը նրանց հաստատուն և շարունակական աջակցության համար: Փրայսի խոսքով ՝ նրանց անձնվիրության եւ համառ աշխատանքի շնորհիվ Վաշինգտոնը կշարունակի առաջ տանել համագործակցությունը ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ: