Արմինֆո. Հայ հասարակության կեսը չցանկացավ ընտրություն կատարել "ներկա նախկինների" և "նախկին նախկինների" միջև և անտեսեց ընտրություններն առանց ընտրության, ինչը խոսում է նրա համարժեքության մասին։ Ուստի, մեծ է հավանականությունը, որ կհաջողվի խուսափել ապակայունացումից։ Այս կարծիքին է անվտանգության ոլորտի փորձագետ, Արցախի ԱԳ նախարարի նախկին խորհրդական Հրաչյա Արզումանյանը։ Քաղաքագետը համոզված է, որ հասարակության կեսն ավելի շուտ դեմ է քվեարկել, քան՝ կողմ. դա բացասական ընտրարշավ էր:
"Քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին, որպեսզի չանցնի Ռոբերտ Քոչարյանը, և՝ հակառակը։ Գրել եմ բազմիցս, եւ՝ ոչ միայն ես: Փաշինյանը եւ Քոչարյանը "երկվորյակ եղբայրներ են": Մեկն առանց մյուսի հաղթել եւ, պարզապես, գոյատեւել չի կարող: Այժմ երկուսն էլ կապված են մեկ շղթայով հայկական խորհրդարանի թիանավում, եւ երկուսն էլ երջանիկ են: Վստահ եմ։ Արդյունքում՝ ունենք թույլ լեգիտիմությամբ կառավարություն, որն ի զորու չի լինի ինքնիշխան որոշումներ կայացնել Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Դա հետխորհրդային ժամանակների կառավարություն ու խորհրդարան է, անփառունակ վախճանված հետխորհրդային Հայաստանի իշխանություն։ Եվ այդպիսի իշխանությունը պետք է զբաղվի բացառապես անցյալով և ստիպված՝ մի քիչ ներկայով, բայց՝ ոչ ապագայով։ Հայկական ապագան գրավադրվելու է "գրավատներում", և այս հարցում իշխանությունն ու ընդդիմությունը միասնական կլինեն", - փաստել է փորձագետը։
Դրա հետ մեկտեղ, Արզումանյանը համոզված է, որ 2020 թվականի պատերազմն ու 2021 թվականի ընտրությունները ՌԴ-ի ու Թուրքիայի դաշինքի հետևանք են, և Քոչարյանն ու Փաշինյանը ռուս - թուրքական դաշինքի դրածոներ են՝ մեկ մետաղադրամի երկու կողմերը։
"Ընտրությունների արդյունքները ոչ միայն Փաշինյանի և նրա կուսակցության, այլև հայ ուժայինների ձեռքբերումն է ։ Ընտրություններից հետո կարելի է հանգիստ ասել, որ պատերազմի արդյունքների և հետպատերազմյան շրջանի համար ոչ պակաս, այլ ավելի մեծ պատասխանատվություն են կրում Հայաստանի ուժայինները։ Պատերազմի նման արդյունքը եւ նման իշխանությունը՝ դա ուժայինների ընտրությունն է:
Մեկ այլ հետեւանք էր "ընտրությունների կրակում" ը բոլոր "ընդդիմադիր կուսակցությունների" այրումը, այսպես կոչված ազգայիններից մինչեւ բոլոր մյուսները։ Հայկական քաղաքական դաշտը այրվել է ընտրությունների հրդեհից, մնացել են միայն երկու ուժեր, որոնք մտադիր են պահածոյացնել ավարտված հետխորհրդային ժամանակները։ Տվյալ "հեղափոխական" ուժերին անվանել պահպանողական՝ լեզուս չի պտտվում, պետք է այլ բառ ընտրել", - հավելել է հայ փորձագետը։
Ընդ որում, Արզումանյանը կարծում է, որ խաղադաշտը այրվել է և պատրաստ է նոր ծիլերի համար՝ ցանքը մեկ-երկու ամիս անց սկսելու դեպքում՝ երբ շոգն անցնի:
"Հայաստանում իսկապես քաղաքական մտքի ի հայտ գալու հնարավորություն է ստեղծվել՝ գաղափարախոսության և կուսակցությունների։ Մի քանի իսկապես քաղաքական
կուսակցություններ կան, իհարկե, բայց դրանք, ավելի շուտ, կանոնը հաստատող բացառություն են:
Հետեւություն. պետք է նախապատրաստվել ինքնիշխան որոշումների Սյունիքում և հերթական վաղաժանկետ ընտրությունների Երևանում", - ամփոփել է փորձագետը։