Արմինֆո.Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում տարածվող քվեարկված քվեաթերթիկների լուսանկարներ, այդ թվում՝ վիրավորական գրառումներով: Այդ մասին ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:
«Այդպիսի գործընթացը խախտում է ընտրական իրավունքը։ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր քաղաքացիներին հիշեցնել, որ Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը: Այս արարքը պատժվում է տուգանքով` 500․000-700․000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:
Դրանից բացի, քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը պատժվում է տուգանքով՝ 100․000-200․000 դրամի չափով», - ասվում է ՄԻՊ հաղորդագրությունում:
ՀՀ գլխավոր դատախազությունը նույնպես հիշեցրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն ՝ ընտրողին քվեարկության արդյունքների հրապարակման հարկադրելը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով, քվեաթերթիկի ստուգումը ՝ քվեարկության արդյունքը բացահայտելու համար, քվեախցիկի (սենյակի) մուտքը, ինչպես նաև քվեարկության գաղտնիության խախտումն այլ կերպ պատժվում է ազատազրկմամբ ՝ մինչև 5 տարի ժամկետով, իսկ բաց քվեարկությունը տուգանվում է 100-200 հազար դրամով:
"Հարկ ենք համարում նշել, որ դատախազությունը նախաձեռնել է ՀՀ քրեական օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներին համապատասխան արդեն դատախազություն ուղարկված նման բոլոր լուսանկարների և տեսանյութերի վերաբերյալ նյութերի պատրաստման գործընթաց և ստուգելու դրանցում ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված խախտումների առկայությունը: Եվ նման գործընթաց նախաձեռնվելու է դատախազության աչքի առաջ հայտնված ցանկացած նոր հրապարակման կապակցությամբ", - նշել են գերատեսչությունում ՝ քաղաքացիներին կոչ անելով ձեռնպահ մնալ նման քայլերից ։