Արմինֆո. ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է այսօրվա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների վերջնական ցուցակները:
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2.578.678, որից այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակ ընդգրկված` 16563; Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների ցուցակ ընդգրկված` 1479; քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանների ցուցակ ընդգրկված` 3186; ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 1505:
ՀՀ ոստիկանությունը նաեւ հաղորդել է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 19-ին և 20-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, ժամը 09.00-ից 20.00-ն սահմանվել է հերթապահություն՝ միայն ընտրական գործընթացին վերաբերելի ծառայություններ մատուցելու նպատակով:
Նշենք, որ այսօրվա ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացնելու 8 Միջազգային եւ 19 տեղական կազմակերպություններ: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ ՝ 4 դաշինք և 21 կուսակցություն։