Արմինֆո.Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վերլուծել և ռուսերեն ու անգլերեն է թարգմանել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օկուպացված հայկական Շուշի կատարած ուղևորության տեսանյութը:
Հոլովակում Ալիեւը պարծենում է, որ Հայաստանի կողմից Աղդամի շրջանի ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը 15 հայ գերիների դիմաց հեշտացրել է իրենց կյանքը, քանի որ տարածքների մաքրման համար նրանցից, առնվազն, 10 տարի կպահանջվեր: Նա նաև հաստատում է, որ Ադրբեջանում շարունակում են պահվել այլ հայ գերիներ։ Ինչին՝ Էրդողանի կինը խրախուսաբար պատասխանում է. «Ճիշտ է, նրանց մաս-մաս տվեք»։
Այս կապակցությամբ Օմբուդսմենի գրասենյակն ընդգծում է.
«Անհերքելի ապացույց այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները`
1) հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար.
2)իրականացնում են մարդկանց առևտուր` կատարելով հանցանք.
3)միջազգային հանրությանը շարունակաբար մոլորեցնում են` պնդելով, թե իբր գերիները ահաբեկիչ կամ դիվերսանտ են.
4) գերիների նկատմամբ կազմակերպում են կեղծ քրեական դատավարություններ:
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այս քննարկումն այն մասին է, որ հայկական կողմի գերիներն Ադրբեջանում ապօրինաբար պահվում են` ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար:ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութը թարգմանել է ռուսերեն և անգլերեն ու վերլուծության ենթարկել: Այն ՀՀ մարդու իրավունքների պաշտանի պաշտոնական նամակով կուղարկվի ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջազգային կառույցներին»: