Արմինֆո.Կասկածից վեր է, որ Անկարայում բավական մեծ հույսեր են կապում ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների սպասվող հանդիպման հետ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
"Հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների զարգացման հնարավոր մակարդակներից ամենացածրում գտնվելը՝ Թուրքիայի համար կարեւոր է այդ հանդիպման արդյունքներով առաջընթաց գրանցել այդ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Թե որքանով դա նրանց կհաջողվի՝ կախված է Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերություններում առկա բազմաթիվ խնդիրների կարգավորումից։ Կարծում եմ, որ դա շատ դժվար կլինի անել, թեեւ, թուրքերը, հատկապես վերջին ամիսներին, ակտիվ ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ", - ընդգծել է նա։
Այսօր՝ հունիսի 14-ին, Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կկայանա ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ հանդիպման ընթացքում կքննարկվեն Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ Սիրիայի, Աֆղանստանի, Ղարաբաղի եւ տարածաշրջանային այլ հարցերի շուրջ տարաձայնությունները:
Ընդհանուր առմամբ, ակադեմիկոսի գնահատականներով, վերջերս ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան Հարավային Կովկասում սեփական քաղաքականությունն ակտիվացնելու Վաշինգտոնի մտադրությունների հերթական հաստատումն էր: Եվս մեկ գործոն, որը հաստատում է արդեն կոնկրետ Արցախի շուրջ բանակցությունների ուղղությամբ սեփական դիրքերն ամրապնդելու ԱՄՆ մտադրությունները, Սաֆրաստյանը համարում Է Արցախի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերջին հայտարարության բովանդակությունը:
"Եվ ահա այստեղ Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկելու բան ունի՝ այլ ուղղությամբ ինչ-որ բան ստանալու ակնկալիքով։ Այն է՝ անցյալ տարվա պատերազմի արդյունքում ստացած Հարավային Կովկասում ամրապնդվելու հնարավորությունը։ ԱՄՆ-ը, իր հերթին, ինչպես տեսնում ենք, ակտիվանում է մեր տարածաշրջանում՝ ոչ միայն թուրքական միջնորդությամբ։ Այսպիսով, Հարավային Կովկասի առնչությամբ Վաշինգտոնն ու Անկարան երկուստեք ձգտելու են օգուտ քաղել համագործակցությունից ։ Ընդ որում, ԱՄՆ-ը ձգտում է ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ-ն՝ թույլ չտալով Թուրքիային մասնակցել դրա աշխատանքին ։ Վերջինս, ընդ որում, դիտարկվում է որպես տարածաշրջանում Ռուսաստանի ձեռքերը կապող գործոններից մեկը", - նշել է նա։
Ընդհանուր առմամբ, թուրքագետն արձանագրում է թուրք-ամերիկյան հարաբերություններում էական վերափոխումներ։ Ինչը պայմանավորված է Թուրքիայի արժեհամակարգի փոփոխություններով՝ Աթաթուրքի արևմտյան արժեքներից մինչև Էրդողանի մահմեդական արժեքներ։ Վերջինս, նրա կարծիքով, նպաստում է Թուրքիայի դերի նվազեցմանը ԱՄՆ քաղաքական վերնախավի աչքում, հատկապես, աշխարհում ժողովրդավարական արժեքները պաշտպանելու և ակտիվորեն առաջ մղելու նախագահ Բայդենի կողմից արդեն հնչեցված մտադրությունների լույսի ներքո։
Այս լույսի ներքո՝ ԱՄՆ-ի քաղաքական վերնախավը, ակադեմիկոսի կարծիքով, չի վստահում Թուրքիային, որը կառավարում է արևմտյան արժեքները չկիսող Էրդողանը։ Եվ վերջինիս արկածախնդիր քաղաքականությունն ավելի ու ավելի է նպաստում այդ անվստահության մեծացմանը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ ամերիկացիներն, այսպես թե այնպես, բայց ստիպված են հաշվի նստել մերձավորարեւելյան իրողությունների եւ այդ իրողությունների ձեւավորման գործում Թուրքիայի դերի հետ: Վերջինս, նրա կարծիքով, ստիպում է Վաշինգտոնին աչք փակել այդ երկրի հետևողական իսլամացման վրա։
"Եվ, այդուհանդերձ, նախագահ Բայդենի համար Թուրքիան կարևոր է, նախևառաջ, Ռուսաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների համատեքստում։ Եվ, հաշվի առնելով դրանց ներկայիս սրվածությունը, Թուրքիան ԱՄՆ-ին դիտարկում է որպես ՆԱՏՕ-ի գծով դաշնակից, որն զգալիորեն սահմանափակում է ռուսական ազդեցությունը։ Գլոբալ առումով՝ Չինաստանով պայմանավորված ԱՄՆ արտաքին քաղաքականության կենտրոնական վեկտորի տեղափոխումը դեպի Արեւելք՝ խաղաղօվկիանոսյան ավազան, նշանակում է Մերձավոր Արեւելքի եւ, որպես հետեւանք, Թուրքիայի կարեւորության նվազում ԱՄՆ-ի համար: Եվ մենք տեսնում ենք, որ այդ գործոնը, օրինակ, արդեն թույլ է տվել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը՝ ի տարբերություն նախորդների", - ամփոփել է Սաֆրաստյանը։