Արմինֆո.Այսօրվա դրությամբ Թուրքիան բավական խնդրահարույց, բայց, այնուամենայնիվ, Ռուսաստանի գործընկերն է։ Գործընկեր, որի հետ մենք տարաձայնություններ ունենք Ղարաբաղի, Վրաստանի, Սիրիայի և, նույնիսկ, Ղրիմի շուրջ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՄՄՀՊԻ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
"Ընդ որում, ես չեմ կարծում, թե Թուրքիան այսօր իրական սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանին։ Իսկ տրամախաչվող շահերի առկայությունը, ընդհանուր առմամբ, կանխորոշում է Մոսկվայի և Անկարայի միջև փոխգործակցության անհրաժեշտությունը։ Փոխազդեցություն, որը թույլ է տալիս խուսափել առճակատումից։ Այո, Էրդողանը համառորեն փորձում է առաջ մղել Ասիայում բնակվող թյուրքական ժողովուրդների՝ Թուրքիայի հովանու ներքո համախմբվելու գաղափարները։ Բայց, հաշվի առնելով այդ ժողովուրդների տարբեր կրոնական, ազգային, քաղաքացիական ինքնությունը, այն պետությունների քաղաքական նպատակների տարբերությունները, որոնցում նրանք ապրում են, ես չեմ կարծում, որ դա հնարավոր է տեսանելի հեռանկարում", - ընդգծել է նա։
Սակայն, միևնույն ժամանակ, Թուրքիան, ըստ վերլուծաբանի, աստիճանաբար դառնում է մրցակից շատ երկրների համար։ Ընդ որում, մրցակից, որը լրջորեն փոխում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ինքնությունը եւ, համապատասխանաբար, առաջնահերթությունները: Երկիր, որը հետևողականորեն ընթանում է աշխարհիկության սկզբունքներից դեպի լուրջ ապավինում կրոնին։ Այդ թվում ՝ քաղաքականության մեջ։ Զուգընթաց՝ Էրդողանն աստիճանաբար թուրք ազգայնականության, ներքին խնդիրների վրա կենտրոնանալու սկզբունքը փոխարինում է կայսերական նկրտումներով։
Նման հավակնությունները, Մարկեդոնովի կարծիքով, անխուսափելիորեն հանգեցնում են Էրդողանի Թուրքիայի ակտիվությանը ողջ Մերձավոր արևելքում և միջերկրածովյան տարածաշրջանում։ Այս լույսի ներքո՝ նա նշել է, որ Հարավային Կովկասը Թուրքիայի հարեւան տարածաշրջաններից միայն մեկն է, որտեղ Էրդողանը ուժային գործողությունների միջոցով փորձում է ստատուս քվոն փոխել իր օգտին: Ընդ որում, Թուրքիայի նախագահի հավակնությունները, ըստ վերլուծաբանի, բնավ չեն սահմանափակվում մոտակա տարածաշրջաններով։ Անկարան մշտապես փորձում է ՄԱԿ-ում առաջ տանել ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների թիվն ավելացնելու անհրաժեշտության գաղափարը՝ ակտիվորեն քննադատելով նրա գործող անդամներին ։ Ինչպես նաև անընդհատ փորձում է դուրս գալ ԱՄՆ-ի ստվերից, որտեղ Էրդողանի համար ակնհայտորեն նեղվածք է։
Այս առնչությամբ, վերլուծաբանի գնահատմամբ, օրինաչափ հարց է առաջանում Թուրքիայի հնարավորությունների մասին, իր բոլոր հարևանների հետ խնդիրներ ունեցող երկրի հնարավորությունների մասին։ Ըդ որում՝ անընդհատ խորացող լուրջ տնտեսական խնդիրներ ունեցող երկրի։ Ներքաղաքական խնդիրներ ունեցող երկրի, հաշվի առնելով, որ հենց Էրդողանի առաջնորդությունը բնավ անվիճելի չէ և վիճարկվում է անգամ նրա երեկվա համախոհների կողմից։ Ու, թեև Թուրքիան կայսրություն չէ, սակայն, կայսրություններին բնորոշ գերլարումը, Մարկեդոնովի կարծիքով, նա արդեն զգում է։ Եվ, այդուհանդերձ, Անկարան այսօր լուրջ հայտ է ներկայացնում կարգավիճակի, համապատասխանաբար, միջին տերության միջազգային դերի համար։ Եվ, նրա կարծիքով, ամենևին էլ փաստ չէ, որ ՆԱՏՕ-ի անդամ այդ երկրին կհաջողվի դա իրականացնել։
"Վերադառնալով Ռուսաստանին եւ Թուրքիայի հետ մեր հակասություններին՝ նշեմ, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ ԵՄ-ի երկրների միջեւ որոշակի հակասությունների առկայությունն, ընդհանուր առմամբ, արտացոլում է եվրատլանտյան համերաշխության թուլացմամբ Մոսկվայի շահագրգռվածությունը, քանի որ եվրատլանտիկան, նախկինի պես, սպառնալիք է մեզ համար։ Այս լույսի ներքո՝ ցանկացած հակասություն այդ դաշինքում բխում է Ռուսաստանի շահերից: Եվ, անգամ, շատ լավ հասկանալով, որ հենց նույն Էրդողանի հակաարևմտյան հռետորաբանությունն ամենևին չի նշանակում նրա անցում հակառակ ճամբար, Ռուսաստանը պարտավոր է այդ տարաձայնություններն օգտագործել սեփական շահերի օգտին։ Ինչն էլ, ըստ էության, մեծապես ձևավորում է Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների ընթացիկ օրակարգը", - ամփոփել է Մարկեդոնովը։