Արմինֆո.Շաբաթ գիշերը ԵՄ-ն ամբողջությամբ փակել է իր օդային տարածքը բելառուսական ավիացիայի համար։ Այդ մասին հաղորդում է ԵՄ խորհրդի կայքը։
"Այդ որոշումը համաձայնեցրել են ԵՄ անդամ երկրների դեսպանները",- ասվում է Եվրամիության խորհրդի պաշտոնական հայտարարության մեջ: Բրյուսելի ժամանակով կեսգիշերից սկսած բելառուսական ավիաընկերությունների ինքնաթիռները չեն կարողանա թռչել ԵՄ պետությունների վրայով և վայրէջք կատարել եվրոպական օդանավակայաններում։ Իր հերթին՝ ԵՄ ավիաընկերություններին կարգելեն թռիչքները Բելառուսի օդային տարածքով։
Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության տվյալներով ՝ ամեն օր հանրապետության վրայով թռիչքներ են իրականացրել են ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի շուրջ հարյուր ինքնաթիռներ: Ավելի վաղ "Բելավիան" հաղորդել էր, որ այն պետությունների ցանկը, ուր կարող էր չվերթներ իրականացնել, կրճատվել է երեք անգամ: Դադարեցվել են թռիչքները դեպի 21 երկիր։
Եվրոպական օդային տարածքի փակումը բելառուսական ինքնաթիռների համար համաձայնեցվել է մայիսի 24-ին ԵՄ գագաթնաժողովում: Նշվում է, որ այդպիսով Եվրամիությունը պատասխանել է Ryanair-ի Աթենք-Վիլնյուս չվերթի շրջադարձին դեպի Մինսկ: Օդանավում եղել է Nexta տեղեկատվական նախագծի համահիմնադիր Ռոման Պրոտասեւիչը։ Նա ձերբակալվել է՝ իրեն ուղեկցող ռուսաստանցի Սոֆյա Սապեգայի հետ։ Իրավապաշտպաններն ու Պրոտասևիչի գործընկերներն ասում են, որ նրան մահապատիժ Է սպառնում։ Պաշտոնապես լրագրողին մեղադրանքներ են առաջադրվել անկարգությունների կազմակերպման, "հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողություններին" մասնակցելու եւ թշնամանք հրահրելու համար: