Արմինֆո. Հայոց պետականության ոչնչացման թուրքական ծրագիրն ակնհայտորեն շարունակում է ուժի մեջ մնալ։ Իսկ մեր սահմանամերձ շրջաններում տեղի ունեցած վերջին իրադարձությունները դրա վառ ապացույցն են։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
"Անցյալ տարվա մեր ծանր, խայտառակ պարտությունից հետո ես կանխատեսում էի հաջորդ թուրքական հարվածը Սյունիքի ուղղությամբ։ Եվ մենք տեսնում ենք, որ այսօր Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերն Անկարայի համար ռազմավարական նշանակություն ունեն իրենց հին պանթյուրքական գաղափարներն ու ծրագրերն իրագործելու տեսանկյունից։ Այստեղ կարևոր է նշել, որ Նախիջևանի միջոցով Թուրքիան կապելով Ադրբեջանի հետ, թուրքերին կհաջողվի անարգել և բավականին արագ Ադրբեջան տեղափոխել ռազմական տեխնիկա և զինամթերք։ Իսկ դա արդեն մեր տարածաշրջանում իր օգտին կտրուկ աշխարհաքաղաքական փոփոխությունների լայն հնարավորություններ է բացում Անկարայի համար", - ընդգծել է նա։
Ակադեմիկոսը Թուրքիայի կարևորագույն նպատակն է համարում Նախիջևանում մշտական ռազմակայանի ձեռք բերումը, ինչի ուղղությամբ այսօր, ըստ նրա, ակնհայտ գործընթացներ են գնում։ Եվ, ընդհանուր առմամբ, ըստ նրա գնահատականների, Անկարան ակտիվորեն օգտագործում է Ադրբեջանին Հարավային Կովկասում սեփական ռազմական ներկայությունն ընդլայնելու նպատակով։ Վերջինս թուրքական քաղաքականության այն ընդհանուր միտման մի մասն է, որն ուղղված է սեփական ռազմակայանների տեղակայմանը բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ կան թուրքական շահեր և, համապատասխանաբար, թուրքական ներկայություն։
Վերլուծելով Իլհամ Ալիեւի վերջին ամպագոռգոռ հայտարարությունները եւ Բաքվի քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, ակադեմիկոսը հանգում է հաստատուն համոզմունքի, որ Ադրբեջանը գտնվում է թուրքական քաղաքականության հունում։ Սաֆրաստյանն ակնհայտ փաստ է համարում Բաքվի արտաքին քաղաքականության համաձայնեցումն Անկարայի հետ: Մասնավորապես՝ Արցախում վերջին պատերազմից հետո։ Ընդ որում, ինքը՝ Ալիևը, նրա կարծիքով, այնուամենայնիվ, փորձում է անձամբ իրեն վերապահել թեկուզ մի փոքր տարածություն՝ Էրդողանից անկախ գործողությունների համար։ Մասնավորապես՝ որոշակի մոսկովյան շրջանակների հետ կապերի համար։
Այս լույսի ներքո՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը գնահատելով որպես Հայաստանի համար խիստ վտանգավոր՝ Սաֆրաստյանը ցավով նշել է, որ մինչ օրս երկրի իշխանությունները չեն կարողացել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Անկարայի այդ ծրագրերը կանխելու ուղղությամբ: Ընդ որում, ակադեմիկոսը հիշեցրել է, որ նույնիսկ թուրքերի կողմից իրագործված ցեղասպանությունից հետո հայ ժողովրդին հաջողվել է ոտքի կանգնել ծանր հարվածից հետո եւ վերականգնել պետականությունը:
"Մեզ հաջողվեց դա անել այն ժամանակ։ Սարդարապատում մեզ հաջողվեց հաղթել թուրքերին։ Սա խոսում է մեր հզոր հոգեւոր ուժի մասին: Եվ ես համոզված եմ, որ այդ ուժը, այդ ներուժը մեր մեջ այսօր էլ կա։ Եվ այս ամենը մեզ համար կբացի վերականգնման հնարավորություն։ Հնարավորություն՝ ուշքի գալ ծանր պարտությունից եւ թոթափել դրա հետեւանքները. Դրա համար մեզ ՝ աշխարհասփյուռ հայերիս, անհրաժեշտ է կամք և միասնություն։ Ես մնում եմ լավատես է և համոզված եմ, որ միասին մեզ կհաջողվի հաղթահարել բոլոր սպառնալիքներն ու մարտահրավերները հայ ժողովրդի և պետականության ճանապարհին", - ամփոփել է Սաֆրաստյանը: