Արմինֆո. Առողջապահության նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ անհայտ կորածների հարազատների մեղադրանքների առնչությամբ: Նախարարության մամուլի ծառայության տարածած պարզաբանման տեքստում ասվում է.
«Հաշվի առնելով 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից ոմանց դժգոհությությունը ու մայրաքաղաքի փողոցներից մեկը փակելու հանգամանքը` Առողջապահության նախարարությունը հայտնում է.
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը մշտապես թափանցիկ կերպով ներկայացրել է բոլոր տվյալները և՛ հարազատներին, և՛ զանգվածային լրատվամիջոցներին:
Հարկ է նշել, որ կենտրոնն աշխատել է 24/7 ձևաչափով և մշտապես կապի մեջ է եղել ծնողների ու հարազատների հետ: Այսօր էլ, լրացուցիչ տեղեկատվությունը պարզելու և հարցերին պատասխանելու համար ՊՈԱԿ-ի ղեկավարությունը հանդիպել է ծնողների հետ, ընդունել բոլորին և պատասխանել նրանց հարցերին: Շրջանառված ապատեղեկատվությունը հերքելու համար, նախնական պայմանավորվածության համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրինությունը զոհվածների հարազատներին է տրամադրել առկա ստույգ փաստերը: Սակայն չսպասելով դրան, նրանք դիմել են փողոց փակելու տարբերակին:
Հարկ է նշել, որ ցանկության դեպքում, հարազատները հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան: Հարազատների հուզական վիճակից օգտվելով` նրանց շրջանում ապատեղեկատվություն տարածելը ուղղակի անընդունելի է»:
Ավելի վաղ անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Երեւանի Հերացի փողոցը (Հերացի եւ Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվում է մայրաքաղաքի կենտրոնական դիահերձարանը): Նրանց ասելով, իշխանությունները ավելի քան 200 զոհվածների դիակներ երկար ժամանակ թաքցրել են սառնարաններում ՝ ավելորդ աղմուկից խուսափելու համար։