Արմինֆո. Հայաստանը անհատույց օգտագործման իրավունքով Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության Հայաստանի Հանրապետությունում տեղակայված սահմանապահ վարչությանը կհատկացնի Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Տեղ համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասեր եւ գույք: Համապատասխան որոշում է կայացվել մայիսի 27-ին ՀՀ կառավարության նիստում:
Ըստ փաստաթղթի՝ մեկ ամսվա ընթացքում պետք է կնքվեն նվիրատվության պայմանագրեր, և իրականացվի գույքային իրավունքների պետական գրանցում։ «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ամրացնել Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան սահմանները, որի նպատակով էլ առանձնացվել են անհրաժեշտ հողամասեր: Որոշման նախագծի ընդունմամբ պաշտպանական նպատակներով նախանշված գործառույթները կհամապատասխանեցվեն ՀՀ գործող օրենսդրությանը», - ասվում է որոշման նախագծի հիմնավորման 2-րդ կետում: