Արմինֆո. Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին տարհանելու անհրաժեշտություն չկա: Մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է մարզպետ Գնել Սանոսյանը:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գոտում, N զորամասի պահպանվող տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողների գերեվարման մասին: Կութ գյուղի վարչակազմի ղեկավարի հավաստմամբ, զինծառայողներին գերեվարել են այդ բնակավայրի ուղղությամբ։ "Միջադեպը տեղի է ունեցել սահմանի մոտ, բայց ոչ բուն բնակավայրերի տարածքում", - հայտարարել Է մարզպետը:
Մեկ շաբաթ առաջ հայկական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ադրբեջանցի զինվորականները շփման գծում բարձրունք են զբաղեցրել՝ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ: Այնտեղ Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի միջև շփման գիծն անցնում է լեռնագագաթներով։