Արմինֆո. Ադրբեջանական զորքերի հիմնական նպատակը Սյունիքի Սև լճի մոտ մարտական բախումների հրահրումն էր և, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի նախագահը, դեպի Նախիջևան միջանցքի ուժային զավթումը։
Այդ մասին մայիսի 26-ին խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ հենց այդ պատճառով Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին։ "Շատ են խոսակցություններն այն մասին, որ Հայաստանի բանակը ոչ թե գործողություններ է ձեռնարկում, այլ դիմում է օգնության ՀԱՊԿ-ին։ Սակայն հենց ՀԱՊԿ-ն ու ՀԱՊԿ-ի գծով գործընկեր երկրները կոչ էին անում Հայաստանին չդիմել խնդրի լուծման ուժային մեթոդին", - ընդգծել է նա։
Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ կարևոր է արձանագրել, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում հանդես է գալիս ոչ որպես խնդրող։ "Սա ընդամենը գործիք է, որը ստեղծել են կազմակերպության անդամ երկրները նման իրավիճակներում օգտագործելու համար",- ասել է Փաշինյանը: Ընդ որում, նա չի բացառել իրավիճակի լուծման այլ ուղիներ, եթե պարզ դառնա, որ սպառված են ՀԱՊԿ-ի եւ հայ-ռուսական ռազմական համագործակցության մեխանիզմները: Միաժամանակ, ըստ Փաշինյանի, Ադրբեջանի կողմից սպառնալիքը պահպանվում է։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀԱՊԿ-ը մինչ օրս հստակ դիրքորոշում չի հայտնել ադրբեջանական ուժերը ելակետային դիրքեր հետ քաշելու անհրաժեշտության մասին, չնայած, որ նման դիրքորոշում նրանք արտահայտում են աշխատանքային քննարկումների ընթացքում, սակայն հրապարակավ այդ դիրքորոշումը չեն արտահայտում: