Արմինֆո. Իրանը միշտ հանդես է եկել այս տարածաշրջանում խնդիրների խաղաղ լուծման օգտին՝ հարգելով այդ երկրների տարածքային ամբողջականությունը եւ մարդկանց իրավունքները: Այդ մասին մայիսի 26-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ մեկնաբանելով Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքներում։
"Ցանկացած էսկալացիա, որի արդյունքում մարդիկ են զոհվում կողմերում, մեր անհանգստությունն ու մտահոգությունն է հարուցում։ Մենք ցանկանում ենք այդ իրավիճակի շուտափույթ լուծում", - ասել Է Զարիֆը։
Ընդ որում, դիվանագետն ընդգծել է, որ երեկ մանրամասն խոսել է Ադրբեջանի նախագահի հետ եւ զգացել է այդ լարվածությունը նվազեցնելու եւ խաղաղ երկխոսություն վարելու նրա տրամադրվածությունը: "Ես հետևողական կլինեմ, որպեսզի նման զրույց անցկացնեմ նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ ։ Մենք ցանկանում ենք աջակցել այս իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը", - ամփոփել է Զարիֆը:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, իր հերթին, նշել է, որ Երևանը կողմ է ստեղծված լարվածության քաղաքական-դիվանագիտական հանգուցալուծմանը: Ընդ որում, նա բարձր է գնահատել Իրանի ԱԳ նախարարի այցը Հայաստան: "Այս այցը վկայում է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդման համար ջանքեր գործադրելու Իրանի անշահախնդիր մտադրության մասին ։ Իրանը մեզ համար կարեւոր հարեւան եւ գործընկեր է, որը հանդիսանում է կարևոր խաղացող տարածաշրջանային խաղաղության և կայունության ճարտարապետության կառուցման գործում: Մենք բոլոր ջանքերը կգործադրենք Իրանի հետ ճյուղային համագործակցության եւ միջպետական հարաբերությունների խորացման համար", - ամփոփել է Այվազյանը։