Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:
Նախագահ Սարգսյանն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են Հայաստանի սահմանային իրավիճակին, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ կատարվող ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի խնդրին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, նախօրեին Արմեն Սարգսյանն ընդունել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: «Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է եղել Հայաստանի սահմանային իրավիճակին, պատերազմից հետո մեր երկրում ստեղծված մարդասիրական խնդիրներին, մասնավորապես, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ», - ասվում է հաղորդագրությունում: