Արմինֆո. Հարցը Հայաստանի տարածքում Ռուսաստանի զինվորականների քանակը չէ, այլ նրանց ներկայության բուն փաստը, այսպես ասած ՝ դրոշի ցուցադրումը։ Այդ մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից Սյունիքի մարզում լրացուցիչ ամրությունների նպատակահարմարությանը։
Այս համատեքստում նա արձանագրել է, որ Ռուսաստանի հնարավորությունները չեն սահմանափակվում այս պահին Հայաստանում գտնվող ռուսական զինված ուժերի քանակական կազմով։ "Կարծում եմ՝ աշխարհում բոլորը հասկանում են, որ Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում՝ 102-րդ ռազմակայանի տեղակայման պայմանագրի հիման վրա, ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում ինքնին նշանակում է, որ ՌԴ-ն ուշադիր հետեւում է իրավիճակին եւ այդ իմաստով հանդիսանում է ՀՀ անվտանգության երաշխավորը՝ ինչպես նաեւ ՀԱՊԿ մյուս բոլոր անդամները", - նշել է ռուսաստանցի պատգամավորը:
Ընդ որում, մեկնաբանելով Հայաստանի սահմաններին Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը, Զատուլինը նշել է, որ ադրբեջանցի զինվորականների ՀՀ խորքը ներթափանցման հնարավորությունն իսկ առաջացել է հենց այն պատճառով, որ սեփական սահմանապահ զորքերը չեն գտնվել սահմանագծում, այլ եղել են տարածքի խորքում: Նրա խոսքով, այդպիսով նրանք Ադրբեջանի զինված ուժերին ֆիզիկական հնարավորություն են տվել հաղթահարելու այդ տարածությունը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի դիմումին՝ Զատուլինը նշել է, որ հայկական կողմը դիմել է կազմակերպության կանոնադրության 2-րդ կետով, որը ենթադրում է խորհրդատվական օգնություն, ինչն էլ տրամադրվում է: Նա հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը դիմել է հենց ՀԱՊԿ խորհրդատվության համար, այլ ոչ թե այն կետով, որը ենթադրում է ռազմական ագրեսիայի հետ մղում:
"Այսինքն, մենք՝ ոչ թե Ռուսաստանը, այլ ,արդեն, ՀԱՊԿ-ը Հայաստանի խնդրանքով խստորեն կատարում ենք պարտավորությունը։ Իմ անձնական վերաբերմունքը, այն բանից հետո, երբ, ըստ էության, տանուլ տրվեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում, պարզ է. մեծ ջանքեր են պահանջվում ոչ միայն հայկական բանակի, այլեւ, ընդհանրապես, Հայաստանի պաշտպանունակությունը, մարտական ոգին վերականգնելու համար։
Բայց դա ոչ մի կերպ չի արդարացնում սադրանքը, իսկ ես սադրանք եմ համարում Հայաստանի խորքը տեղաշարժելը՝ Ադրբեջանի կողմից, որը որսում է պահը և օգտագործում է իրավիճակը ՝ ինչ-որ առավելություններ ստանալու, ինչ-որ բան սակարկելու և ստանալու համար։ Սա բացարձակապես թափանցիկ իրավիճակ է, որը պետք է ախտորոշվի: Ստատուս քվոն պետք է վերականգնվի", - ասել է ռուսաստանցի խորհրդարանականը։
Դրա հետ մեկտեղ, ռուս քաղաքական գործիչը դժվարացել է պատասխանել երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման նպատակահարմարության վերաբերյալ հարցին, արձանագրելով, որ դրա համար անհրաժեշտ է իրավիճակի մասին լիարժեք պատկերացում ունենալ: Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ այսօր ցանկացած լուրջ որոշում, որը պետք է կայացնի Հայաստանը, այդ թվում ՝ սահմանի վերաբերյալ, մշտապես ՀՀ ներսում կդիտարկվի շատ ուշադիր եւ քննադատաբար: Զատուլինի խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի ներսում քաղաքական իրավիճակը, որը ստեղծվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ այդ ընտրությունների նախաշեմին սուր պայքարի ժամանակ, հնարավորություն չի տալիս լրջորեն, օբյեկտիվորեն եւ անկողմնակալորեն դիտարկել այն, ինչ տեղի է ունենում:
"Դա պայմանավորված է նաև նրանով, որ հասարակության զգալի մասը վստահություն չունի Հայաստանի կառավարության նկատմամբ", - եզրափակել է Զատուլինը: