Արմինֆո. Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:
«Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` Ժնևի կոնվենցիաների՝ վերջիններս համարվում են ռազմագերի, որոնք ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է անմիջապես ազատ արձակվեն: Մինչդեռ, Ադրբեջանը նրանց դեմ հարուցել է շինծու քրեական գործեր՝ դրանով իսկ բացահայտորեն խախտելով թե´ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և թե´ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները:
Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է օգտագործել հայ գերիներին՝ որպես քաղաքական պատանդ և շարունակում է նրանց հանդեպ խոշտանգումների և հոգեբանական ճնշման գործելակերպը:
Հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանն առ այսօր պատասխանատվության չի ենթարկել հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունք ցուցաբերած, այդ թվում՝ սպանություններ իրականացրած անձանց՝ չնայած նման հանցանք գործած անձինք փաստագրել և հրապարակայնացրել են իրենց ոճրագործությունները ։
Պաշտոնական Բաքուն բացահայտորեն արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումներն Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Արդյունքում, 2021թ. մարտի 9-ին դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ծանուցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին իր կողմից Ադրբեջանի դեմ ձեռնարկված միջանկյալ միջոցների մասին:
Ադրբեջանում պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք, անկախ իրենց գերեվարման ժամկետներից և հանգամանքներից, պետք է շուտափույթ ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց որևէ նախապայմանի», - ասվում է ԱԳՆ հայտարարությունում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆոն, մայիսի 24 - ին Բաքվում սկսվել է դատավարություն երկու հայ ռազմագերիների նկատմամբ, որոնք գերեվարվել էին հոկտեմբերի 20-ին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ: Ադրբեջանի իշխանությունները վստահեցնում են, որ վերը նշված անձինք, իբր, 1992-94թթ.առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ խոշտանգել են ադրբեջանցիներին: Ադրբեջանական իշխանությունները նախկինում էլ նման ապօրինի գործողություններ են իրականացրել խաղաղ հայ բնակիչների նկատմամբ, որոնք պատահաբար հայտնվել են ադրբեջանական կողմում։