Արմինֆո. Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման առանցքում էին տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման հրամայականը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ է կատարվել վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: