Արմինֆո. Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) 28 դրամաշնորհ կտրամադրի հայաստանցի գիտնականներին՝ կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, գյուղատնտեսության, հնագիտության, պատմության, բժշկության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:
ՀՕՖ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, 2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF), միջոցով տրվող դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի կլոր դահլիճում՝ ժամը 12:00-ին:
Մրցույթին, որն իրականացվում է 2001 թվականից, այս տարի ներկայացված 169 գիտական հայտերից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 28-ը, որից 6-ը երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով հատկացվել է ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի և Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից:
28 գիտական խմբերի ղեկավարներից 12-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են 17-ը՝ կանայք, մինչդեռ գիտական խմբերում ընդգրկված գիտնականների ընդհանուր թիվը 84 է։ Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ:
ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհներով կատարվելիք այս տարվա հետազոտություններն ընդգրկում են գիտության տարբեր ոլորտները: 2021-ին 12 դրամաշնորհ են ստացել կենսաբանության ոլորտը հետազոտելու հայտերը, 5 դրամաշնորհ՝ քիմիայի, 4-ը՝ ֆիզիկայի, 3-ը՝ աստղաֆիզիկայի, 2-ը՝ կենսատեխնոլոգիայի, 1-ական՝ ճարտարագիտության և հումանիտար։
Անցած 21 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել են 3028 դիմում-առաջարկներ: Դրամաշնորհներ են ստացել 540 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված է եղել մոտ 2000 գիտնական: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 700 հազար դոլար: