Արմինֆո. "Միջանցքի" նկատմամբ վերահսկողությունը հանձնելուն, որն այդքան հետևողականորեն և կատաղի ձևով պահանջում է Իլհամ Ալիևը, այսօր Հայաստանում ոչ ոք պատրաստ չէ, այդ թվում ՝ Նիկոլ Փաշինյանը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։
"Մեծ հավանականությամբ կարող եմ ենթադրել, որ իրականում Մոսկվան թուրքերին ու ադրբեջանցիներին մի փոքր ավելի մեծ խոստումներ է տվել, քան դա արձանագրվել է նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Եվ Ռուսաստանի այդ խոստումները դեռ չեն կատարվել, չնայած Մոսկվան ձգտում է դա անել։ Եվ, դատելով ըստ ամենայնի, խոսքը գնում է այսպես կոչված "Զանգեզուրի միջանցքի" նկատմամբ վերահսկողության փոխանցման մասին", - նկատել է նա։
Այդ միջանցքը, ըստ քաղաքական գործչի, պետք է բոլորին։ Ըստ էության՝ ներառյալ հենց Հայաստանը։ Ողջ հարցը, նրա կարծիքով, հանգում է Հայաստանի կողմից այդ միջանցքի նկատմամբ վերահսկողությունը փոխանցելու Բաքվի եւ Անկարայի պահանջներին։ Եվ ահա այստեղ նոր հարց է ծագում ՝ արդյոք այդ հսկողությունն իրականացնելու են ռուսները, թե թուրքերը, թե, ընդհանրապես, այն վերահսկելու են ադրբեջանցիները։ Ինչ ծնում է վերջին, ընդ որում, բոլոր առումներով, հարցը՝ Հայաստանը կորցնում է թե չի կորցնում ինքնիշխանությունը այն տարածքների նկատմամբ, որոնցով անցնելու է ենթադրյալ միջանցքը։
Հաշվի առնելով Ագարակի եւ, նույնիսկ, Մեղրիի բնակչության ելքի հեռանկարը, եթե միջանցքը փոխանցվի օտարերկրյա ցանկացած ուժերի, նման փաստաթուղթ, ըստ Հայրապետյանի, այսօր չի հանդգնում ստորագրել նույնիսկ գործող վարչապետ Փաշինյանը: Ինչը ծնում է Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու նորանոր փորձեր։ Եվ, որպես հետևանք նախընտրական գործընթացներին և երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների բուն գործընթացին ապակառուցողական միջամտության։
Միջանցքով հետաքրքրված արտաքին դերակատարների նման փորձերը, ըստ քաղաքական գործչի կանխատեսումների, հղի են նոր մարտահրավերներով ու խնդիրներով։ Իսկ Հայաստանում փաստացի անիշխանության շրջանում՝ մինչև նոր խորհրդարանի և կառավարության ձևավորումը, հնարավոր է ամեն ինչ ։ Ընդ որում, այս ողջ իրավիճակն ամենաբացասական ձևով կանդրադառնա Հայաստանի սահմանների վրա։ Ըստ Հայրապետյանի գնահատականների, ապահովելով սեփական ռազմական ներկայությունն Արցախում Հայաստանի հաշվին՝ այժմ Մոսկվան ձգտում է սեփական ինտեգրացիոն նախագծերում ներքաշել Ադրբեջանին: Եվ կրկին՝ Հայաստանի հաշվին։
Ըստ Հայրապետյանի, հենց այդ գինն է Ալիևը Մոսկվայից պահանջել ԵԱՏՄ-ին անդամակցելու դիմաց։ Եվ, նրա կանխատեսմամբ, ռուս-թուրքական պայմանավորվածությունների բոլոր պայմանների կատարման դեպքում, այդ թվում ՝ տխրահռչակ միջանցք ստեղծելու հարցում, Ալիևն այլևս չի ընդդիմանա ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը։ Ընդ որում, ըստ քաղաքական գործչի, եթե հանկարծ Ռուսաստանն ու Թուրքիան, այնուամենայնիվ, չպայմանավորվեն, Ադրբեջանն այստեղ ընդամենը խամաճիկ է, հնարավոր է ամեն ինչ, հնարավոր է նաև հակառակ սցենար։
"Բայց այս ամենը Ադրբեջանի խնդիրներն են։ Մեր խնդիրն այն է, որ այդ բոլոր նախագծերի համար վճարելով հսկայական գին, բնավ ոչինչ չստացանք։ Վրաստանը 2008 թվին նույնպես վճարեց Աբխազիայով և Հարավային Օսիայով, բայց փոխարենը Վրաստանը ստացավ ազատություն։ Հենց ազատությունն է, որ այսօր էլ նրա առջև բաց են քաղաքակիրթ աշխարհի դռները։ Հենց այդ պատճառով էլ, վճարելով Արցախով և, ամենակարևորը, հազարավոր կյանքերով, Հայաստանին անհրաժեշտ էր անհապաղ նախաձեռնել նույն ՀԱՊԿ-ից դուրս գալը, հեռացումը ռուսական ազդեցության գոտուց։ Ինչը չի արել վախկոտ ու Մոսկվայի կողմից նշանակված իշխանությունը՝ միանգամայն հասկանալի պատճառներով", - ամփոփել է Հայրապետյանը։