Արմինֆո. ԱՄՆ-ը ուշադիր հետեւում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի երկայնքով տիրող իրավիճակին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջալինա Փորտերը՝ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված ճեպազրույցի ժամանակ։
"Քննարկվող (բանավիճվող) տարածքներում զորքերի տեղաշարժերն անպատասխանատու են, ինչպես նաեւ անհիմն սադրիչ: Եվ, իհարկե, մենք տեսել ենք զորքերի ինչ-որ դուրսբերման մասին հաղորդումներ և կողջունեինք դա, եթե դա հաստատվեր, բայց մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն անհապաղ հետ կքաշի զորքերը և կդադարեցնի հետագա սադրանքները", - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, միևնույն ժամանակ, կողմերին կոչ անելով սահմանազատման հարցերը լուծել բանակցությունների և քննարկումների ճանապարհով։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ադրբեջանական 150-200 զինվորականներ ապօրինաբար մուտք են գործել Սյունիքի մարզ եւ 3.5 կմ առաջացել երկրի խորքը՝ փորձելով ամրապնդվել Սեւ լճի մոտ։ Մայիսի 12-ից բանակցություններ են ընթանում կողմերի միջև, սակայն հարցը մինչ օրս լուծում չի գտել։ Մայիսի 13-ի երեկոյան ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Սիսիանի և Վարդենիսի ուղղությամբ։ Բացի այդ, մայիսի 12-ից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայության վերաբերյալ հաղորդագրություններ է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կութ, Նորաբակ, Վերին Շորժա բնակավայրերից: