Արմինֆո. Հայկական կողմը Սյունիքի իրավիճակի հետ կապված պատրաստ է ինչպես խաղաղ բանակցությունների, այնպես էլ հնարավոր բոլոր "վատ" զարգացումներին, մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել Է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
Փոխվարչապետի պաշտոնակատարը կոչ է արել, առաջին հերթին, հանգստացնել նյարդերը եւ հասկանալ, որ բանակցություններ են ընթանում: Ընդ որում, նա շտապել է ավելացնել, որ այս փուլում բանակցություններն արդյունք չեն տվել ։ "Վստահ եմ, որ այս կամ այն կերպ մենք կհասնենք իրավիճակի հանգուցալուծման, որովհետև ակնհայտ է, որ ադրբեջանական զինուժը հատել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանը, և մենք, միանշանակ, ցանկանում ենք ստեղծված իրավիճակը լուծել խաղաղ ճանապարհով", - ասել է նա:
Հայկական կողմը, ինչպես ընդգծել է Ավինյանը, պատրաստ է հանգիստ ռեժիմով բանակցությունների։ "Սակայն պետք է պատրաստ լինել իրադարձությունների վատ զարգացման և մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը", - ասել է նա:
Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով, նույնիսկ, իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարի դեպքում Հայաստանն ակնկալում է դաշնակիցների աջակցությունը։ Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ կհաջողվի խուսափել վատ սցենարից, և հարցն, այնուամենայնիվ, կկարգավորվի բանակցությունների միջոցով։
Ճշտող հարցին, թե ինչ "վատ սցենարի" մասին է խոսքը, Ավինյանը պատասխանել է. "Ադրբեջանական կողմը ցույց է տալիս անհայտ ծագման քարտեզներ, որոնք իրականության հետ ընդհանուր ոչինչ չունեն։ Փաստորեն, հենց այդ հիմքի վրա են նրանց սահմանապահ զորքերն առաջ շարժվել"։ Ընդ որում, նրա խոսքով, ադրբեջանական կողմը խոսում է խաղաղ ջանքերի մասին եւ վստահեցնում է, որ չի ցանկանում ձեռնարկել գործողություններ, որոնք հետագայում կարող են խորացնել ճգնաժամը:
Այդուհանդերձ, Ավինյանի ասելով, հայկական կողմը պատրաստ է հնարավոր բոլոր զարգացումներին, իսկ Անվտանգության խորհրդի նիստում ՀԱՊԿ-ին դիմելու վերաբերյալ երեկվա հայտարարությունն ուղղված է նման սցենարների կանխարգելմանը: Ինչպես հաղորդել Է Ավինյանը, դիմումն արդեն պաշտոնապես ուղարկվել է ՀԱՊԿ եւ եռօրյա ժամկետում պետք է քննարկվի: