Արմինֆո. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդել է APA-ն, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության վերաբերյալ: Ընդգծվել է եռակողմ հայտարարությունների պահպանման կարևորությունը։
Ավելի վաղ Անն Լինդեն Twitter-ի իր էջում հաղորդել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ: "Այսօր ես խոսել եմ ադրբեջանցի իմ գործընկեր Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի գործընկեր Արա Այվազյանի հետ՝ ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրավիճակի մասին ։ ԵԱՀԿ նախագահը եւ իմ անձնական ներկայացուցիչը ուշադիր հետեւում են իրավիճակին", - նշել է ԵԱՀԿ նախագահը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարի պաշտոնակատար Այվազյանն ԵԱՀԿ գործող նախագահին հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների արդյունքում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը` անթույլատրելի համարելով միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի Հանրապետության ինքիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը և ԵԱՀԿ գործող նախագահը համակարծիք են, որ նմանատիպ գործողությունները լուրջ մարտահրավեր են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը: Այս համատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ԵԱՀԿ մասնակից պետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի գործողությունները, դրանց նախորդած սպառնալիքներն ուղղակիորեն հետևանք են նախորդ տարի սեպտեմբերի 27-ին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի և դրան հաջորդած շրջանում Ադրբեջանի ծայրաստիճան ագրեսիվ գործելակերպի հանդեպ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքի: Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը համատեղ և գործուն ջանքեր գործադրելու ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության, խաղաղության և կայունության պահպանմանն ուղղությամբ: