Արմինֆո. Հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 13-ի ուշ երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը։
Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ընթացքում Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ կատարման անհրաժեշտությունը, նախեւառաջ, հրադադարի ռեժիմի անշեղ պահպանման մասով:
Ռուսական կողմը հաստատել է ակտիվ միջնորդական ջանքերի շարունակման եւ Երեւանի ու Բաքվի հետ սերտ շփումների պահպանման տրամադրվածությունը՝ ի շահ տարածաշրջանում կայունության ապահովման: Նիկոլ Փաշինյանը, երախտագիտություն հայտնելով Ռուսաստանի նախագահին, արտահայտվել է կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին, որպեսզի ծագող բոլոր խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական - դիվանագիտական միջոցներով:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային - լոգիստիկ կապերի վերականգնման հարցերին: Պայմանավորվածությւոն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների մասին:
ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքը երեկ հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակագրերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար:
Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան և հույս հայտնել իրավիճակի արագ կայունացման ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով: