Արմինֆո. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը խորը մտահոգություն է հայտնել վերջերս ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի տարածք ներխուժման մասին հաղորդագրությունների առնչությամբ:
"Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրությունների առնչությամբ այն մասին, որ ադրբեջանական զորքերն, իբր, ներխուժել են Հայաստանի տարածք։ Եթե դա ճիշտ է, ապա դա եւս մեկ վտանգավոր եւ սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել մարդկանց հետագա մահվան: Ժամանակն է, որպեսզի Միացյալ Նահանգներն ընդունի, որ մեր քաղաքականությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին դրդեց ռազմական էսկալացիայի, որը կարող է նոր պատերազմի վերածվել", - նշել է Շիֆը։
Ընդ որում, կոնգրեսականը նշել է, որ կապ է հաստատել Բայդենի վարչակազմի հետ եւ կոչ է արել նրանց ավելի ակտիվ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով: Նրա խոսքով ՝ այժմ դա կարեւոր է՝ քան երբեւէ։
"Ըստ հաղորդագրությունների, Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ Պետդեպարտամենտը հայտարարեց Ադրբեջանին ուղղակի օգնության վերաբերյալ 907-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից չհիմնավորված հրաժարվելու մասին: Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի երկրի, որը խախտում է մարդու իրավունքները եւ իր հարեւանների ինքնիշխանությունը", - ամփոփել է Շիֆը:
Նախօրեին հայկական ԶԼՄ-ները հաղորդել են, որ ադրբեջանական զինուժը առավոտյան հարձակում է սկսել ՀՀ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի ուղղությամբ, եղել են ինտենսիվ մարտեր, հայկական կողմում կան վիրավորներ: Տեղեկացվել է նաև, որ հակառակորդը Սյունիքի մարզում առաջացել է 3 կմ: Այս տեղեկությունը հաստատել են նաև Սյունիքի մարզի մունիցիպալ իշխանությունները: Մինչդեռ ՀՀ ՊՆ-ում հավաստիացրել են, որ "Իշխանասարի ուղղությամբ մարտերի մասին" մամուլում տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Իսկ ՀՀ ԱԱԾ-ն նախազգուշացր է բնակչության շրջանում խուճապ սերմանող ապատեղեկատվության տարածումից։ Գիշերը Սյունիքի իշխանությունները հաղորդել են, որ Ադրբեջանի զինված ուժերը նախկինի պես գտնվում են ՀՀ տարածքում ։
Միայն ուշ գիշերը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում հաստատել է, որ հակառակորդը ներթափանցել է Հայաստանի տարածք 3.5 կմ և փորձում է ամրապնդվել Սյունիքի մարզում։