Արմինֆո.Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար Վաղարշակ Հարությունյանի հետ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի խնդիրների կատարման շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
Նախօրեին հայկական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ադրբեջանական զինուժը առավոտյան հարձակում է սկսել ՀՀ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի ուղղությամբ, եղել են ինտենսիվ մարտեր, հայկական կողմից կան վիրավորներ: Նաեւ հաղորդվել էր, որ հակառակորդը Սյունիքի մարզում առաջացել է 3 կմ:
Մինչդեռ ՀՀ ՊՆ-ում հավաստիացրել էին, որ մամուլում տարածված "Իշխանասարի ուղղությամբ մարտերի մասին" տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ընդ որում, հաստատել են, որ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ին "սահմանների հստակեցման" պատրվակով փորձել են որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանամերձ շրջաններից մեկում: "Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանցի զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները ։ Այս պահին բանակցություններ են ընթանում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ", - ընդգծել են ՀՀ ՊՆ-ում: Իսկ ՀՀ ԱԱԾ-ն նախազգուշացրել էր բնակչության շրջանում խուճապ սերմանող ապատեղեկատվության տարածումից: Գիշերը Սյունիքի իշխանությունները հաղորդել էին, որ Ադրբեջանի զինված ուժերը նախկինի պես գտնվում են ՀՀ տարածքում։ Միայն ուշ գիշեր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում հաստատեց, որ հակառակորդը ներթափանցել է Հայաստանի տարածք Սյունիքի մարզում՝ 3.5 կմ, և փորձում է ամրապնդվել։