Արմինֆո.Հայաստանը ամբողջությամբ կատարել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, այդ թվում՝ 2014թ. անչափահասի սպանության համար դատապարտված երկու անձանց: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով լրատվականների հարցերին:
«Ադրբեջանի վրա տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների օրեցօր աճող ճնշումը ցույց է տալիս, որ ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ՝ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին համաձայն», -նշել է մամուլի խոսնակը:
Նա նաեւ ընդգծել է, որ գերիների ազատ արձակման հարցում օրեցօր ուժեղացող միջազգային ճնշման լույսի ներքո Ադրբեջանը փորձում է առաջ քաշել կեղծ օրակարգեր՝ արդարացում փնտրելով իր իսկ կողմից ստանձնած մարդասիրական պարտավորությունների չկատարման համար: «Հայաստանը մշտապես պատրաստակամ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ», - հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակը:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով Ֆրանսիայի եւ Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունների հայտարարություններին, նշել էր, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ԱՀ-ն հայկական կողմին է վերադարձրել ավելի քան 70 հայ գերիների: ԱՀ ԱԳՆ-ում վստահեցրել են, որ հայկական կողմը, իբր, մինչ օրս չի կատարում միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները: "Հավանաբար, երկու երկրներն էլ տեղեկություններ ունեն այն մասին, որ Հայաստանը մինչ օրս տեղեկատվություն չի տրամադրել 1991-94թթ. պատերազմի ժամանակ անհայտ կորած շուրջ 4000 ադրբեջանցիների մասին, հրաժարվում է տրամադրել ազատագրված տարածքներում տեղադրված ականների քարտեզները", - նշել են ԱՀ ԱԳՆ-ում, միաժամանակ մոռանալով, որ նշված հարցերից ոչ մեկը չի մտնում եռակողմ հայտարարության մեջ ։