Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրաժարականի մասին այսօրվա հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին հաղորդել է ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը: «Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ և գործում է բացառապես մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքի սկզբունքով», - ասվում է հաղորդագրությունում:
Հարկ է նշել, որ երեկ Ազգային ժողովի նիստում ՄԻՊ գրասենյակի 2020թ. կատարած աշխատանքների մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ լեզվակռիվ էր տեղի ունեցել Արման Թաթոյանի և "Իմ քայլի" պատգամավոր Աննա Կարապետյանի միջև։ Վերջինս փորձել էր քննադատել Թաթոյանի գործունեությունը և նրան մեղադրել էր մեդիաահաբեկչության մեջ։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը քննադատել էչ պետական պաշտոնյաների պահվածքը, որոնք անպարկեշտ են արտահայտվում սոցիալական ցանցերում: Նա ընդգծել էր, որ նման սոցիալական պատասխանատվությամբ մարդիկ իրավունք չունեն զբաղեցնել պետական պաշտոններ: